Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակը քիչ անց կհանդիպի. ԱԺ-ում քննարկվեց տուգանքների հարցը

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը: Այն վերաբերում էր արագաչափերի եւ կարմիր գծերի խախտումմների դեպքում տուգանքների ծանուցումներն անձամբ ներկայացնելուն: Որպես հարակից զեկուցող հանդես էր գալիս Արդարադատության փոխնախարար Արթուր Մկրտչյանը: Նրան հարց ուղղելով՝ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատմեց իրական մի դեպք, որը տեղի է ունեցել իր հետ. «Տուն վերադառնալով՝ դռանս վրա մի թղթիկ տեսա փակցված՝ ես տուգանված եմ: Ըստ ձեզ՝ այսպիսով ես հիմա ծանուցվա՞ծ եմ: Հիմա մենք մի բան ասում ենք, հետո՝ մտածում. հիմա արել ենք մի բան ու մտածում ենք հետեւանքները վերացնելու մասին»: Ըստ Ստեփան Մարգարյանի՝ քաղաքացին տուգանվում է ու մեծ մասամբ չի էլ իմանում այդ մասին, եւ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը վերաբերում է միայն կարմիր գծերին ու արագաչափերին. «Օրինակ՝ անձը բացակայում է երկրից, փոստատարը տանում է նրա ծանուցումը տուն, ապա՝ փոխանցում հաշվառման հասցեին ու դրանից հետո կալանք դնում նրա հաշվին: Հնարավոր է՝ այդ անձի հաշվի վրա միայն իր թոշակը լիներ, ու հիմա առանց դատարանի որոշման՝ կալանք ենք դնում նրա հաշվին՝ մարդուն զրկելով հաց առնելու հնարավորությունից»: Արդարադատության փոխնախարար Արթուր Մկրտչյանի պատասխանը հետեւյալն էր. «Անձն այս դեպքում պատշաճ ծանուցված չէ, քանի որ անձամբ նրան պետք է հանձնվի ծանուցումը: Եթե անձը վարչական ակտը չի վիճարկել, ու այն մտել է ուժի մեջ, ապա մեր առաջարկներով դատարանը կստուգի՝ անձը անձամբ ծանուցված լինելու հանգամանքը»: Հարց տալու համար ձայն տալով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպես դիմեց նրան. «Մեծ հանդիսավորությամբ՝ Արծվիկ Մինասյան»: «ԱԺ պատվարժան նախագահ...»,- իր կողմից արձագանքեց Արծվիկ Մինասյանը: Ի դեպ, ԱԺ-ն այսօր 72 կողմ, 10 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Մինչ քվեարկությունը՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս նախագծին ու ամբողջ կազմով չմասնակցեցին քվեարկությանը: Քիչ անց՝ ԱԺ ընդմիջմանը, ոչ իշխանական քառյակը կհանդիպի: