Իշխանությունների վերարտադրման համար հեշտ չի լինի (տեսանյութ)
«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների սպասելիքները ընդհանուր առմամբ չարդարացան»,- այսօր հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական Գևորգ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ավելի խորն ու ընդգրկուն պետք է լինեին քննարկումները և քաղաքական ուժերը ավելի բուռն պետք է արձագանքեին այդ քննարկումներին։ Այնուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումները այժմ թևակոխել են Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների փուլ՝ սեպտեմբերի կեսերից նախատեսվում են հանդիպումներ, իսկ հոկտեմբերին ամենն արդեն կներկայացվի Սերժ Սարգսյանին։ Գևորգ Դանիելյանի խոսքով՝ ճիշտ չեն ընդդիմության այն պնդումները, թե բարեփոխումներն արվում են իշխանությունների վերարտադրման համար։ «Փաստարկներ պետք է հնչեն, բայց մինչև օրս բանավեճը չի հասնում մասնագիտական մակարդակի, այլ միայն քաղաքական հայտարարություններ են հնչում։ Այս հայեցակարգով դյուրին ընթացակարգ չի նախատեսվում իշխանության համար՝ վերարտադրվելու առումով»։ Նրա խոսքով՝սահմանադրական բարեփոխումներով մենք անցնելու ենք խորհրդարանական համակարգի։