Մատչելիությունը ստորադասվում է շենքերի գունազարդմա՞նը
Արդեն 250 ստորագրություն՝ Երեւանում մատչելիության ապահովման գումարը ավելացնելու համար։ «Այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»,- «Ա1+»-ին ասաց ակցիայի ղեկավար եւ «Դիսըբիլիթի ինֆո» կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը։ Երեւանում այսօր ապրում է 61.000 հաշմանդամություն ունեցող մարդ։ անմատչելի միջավայրի պատճառով նրանց մեծ մասը զրկված է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: «Այս տարի քաղաքապետարանը մատչելիության համար հատկացրել է 70 մլն դրամ, իսկ նախորդ տարի շենքերի գունազարդմանը եւ Երևանի տոնակատարությանը տրամադրել էր ավելի քան 310 մլն դրամ: Այդ գումարով հնարավոր կլիներ 103 վերելակ տեղադրել դպրոցներում կամ նույնքան ավտոբուս հարմարեցնել մեր քաղաքում»,- ավելացրեց Զարուհի Բաթոյանը։ Ստորագրահավաքը սկսվել է երեկվանից եւ կավարտվի այն ժամանակ, երբ կստորագրվի վերջին թերթիկը։ Թերթիկների թիվը մոտ 3000 է։ Ստորագրությունները վերջում կհանձնվեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։