Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրի աշխատակիցները՝ ռազմագերիներ (տեսանյութ)

Հասարակություն
koryun

ՊՆ–ի համար Մարզահամերգային համալիրը ռազմական վայր է դարձել։ Իսկ աշխատակիցներին թույլ են տալիս ներս մտնել՝ ինչպես ռազմագերիների։ Այս մասին այսօր հայտարարեց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: Ըստ նրա՝  աշխատակիցներին թույլ են տվել մտնել համալիրի տարածք միայն «Ա1+» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում է, թե ինչ աղտոտված վիճակում է գտնվում համալիրը։ Մտահոգված աշխատակիցները տարածքը մաքրել են աղբից, որի համար նրանց չեն վճարել։ Կորյուն Գրիգորյանը համոզմունք ունի, որ Մարզահամերգային համալիրում ալան–թալան է կատարվում. «ԴԱՀԿ–ի աշխատակիցներն այնտեղ դարձրել են կերուխումի, հավաքույթի վայր»։ ՊՆ–ի կողմից գույքագրման աշխատանքներն արդեն սկսվել են։ Մարզահամերգային համալիրում մնացել է աշխատակիցների եւ 10-ից ավելի կազմակերպությունների գույքը. «Այն գույքը, որը գտնվում է ՄՀՀ–ում եւ չի պատկանում նրան, ապա իրավունք չունեն շահագործելու, իսկ այլ կազմակերպությունների գույքը շահագործելը քրեորեն պատժելի է»,–ասաց Կորյուն Գրիգորյանը։ Հարցին, թե ինչու է ՄՀՀ–ն հանձնվել ՊՆ–ին, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց, որ ՊՆ–ն ներքաշված է այստեղ, որպեսզի դատական գործերը փակ ընթանան, իսկ վարչապետի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես դեկորատիվ, եւ այս հարցում կառավարությունը ոչինչ չի անում՝ կարծես թե ամեն ինչ նորմալ է։