Հայաստանի շախմատի ֆեդերացիայի թեկնածուն դեռ անհայտ է:
Նորվեգական Տրոմսյո քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր նախատեսված հանդիպումներից բացի տեղի կունենա եւս մեկ «մրցամարտ». ՖԻԴԵ-ի հերթական համաժողովում կընտրվի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահը: Ինչպես արդեն նշել ենք, այդ պաշտոնին հավակնում են ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Արտասահմանյան լրատվամիւոցները նշում են, որ վերջիներիս միջեւ ծավալվել է ոչ միայն շախմատային, այլեւ քաղաքական պայքար: Կիրսան Իլյումժինովին լիովին սատարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջերս նրանց հանդիպումից հետո ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սոչիում անցկացնել աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն – Վիշվանաթան Անանդ մրցամարտը՝ 1,5 մլն դոլար մրցանկային հիմնադրամով: Գարի Կասպարովը այդ կապակցությամբ հայտարարել է, որ եթե ինքը ընտրվի ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում, ապա այդ մրցամարտը կտեղափոխի այնպիսի երկիր, որի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում, բացի այդ ավելի մեծ մրցանակային հիմնադրամ կսահմանի: ՖԻԴԵ-ի նախագահական ընտրությանը կմասնակցեն ֆեդերացիայի կազմի մեջ մտնող բոլոր 181 ազգային ֆեդերացիաները: Հայաստանը կներկայացնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը: Այն, թե ում թեկնածությունն է պաշտպանելու ՀՇՖ-ի ներկայացուցիչը Տրոմսյոյում, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել: Ֆեդերացիայից հայտնեցին, որ ընտրություններից հետո կարող են մեկնաբանել այդ հարցը: