Ինչքա՞ն կարելի է ստել. Բնապահպանը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Սևանի էկոհամակարգն արդեն իսկ խախտված է. պնդում է բնապահպան Ինգա Զառաֆյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդրին՝ նշելով, որ դրանք ծառայել են մի քանի անձանց նեղ շահերին. «Փորձագետները դեմ են Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելուն։ Արդեն մենք ունենք բացասական բալանս, Սևանի մակարդակն իջել է 9-10 սմ-ով։ Այս ամենը ահավոր վտանգ կբերի, քանի որ Սևանի մոտ 60 տոկոս ջուրը պիտանի չէ Իշխան ձկնատեսակի համար»,- նշեց տիկին Զառաֆյանը։ Հիշեցնենք՝ ապրիլ ամսին նախկին կառավարությունը հանդես էր եկել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 2019 թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր: Այս փոփոխություններն ընդունվեցին ԱԺ-ում՝ Հանրապետական խմբակցության քվեարկության արդյունքում։ Տիկին Զառաֆյանի խոսքերով՝ այս պահին ոլորտը չափազանց անկառավարելի է։ Պաշտոնյաներն իրենց գործողություններն իրականացնում են առանց հաշվետու լինելու հասարակության առջև։ Բնապահպան, իրավաբան Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ այս տարի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան զեկուցի ներկայացման ժամանակ Սևանա լճի հարցի մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ասել էր. «Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում»: Պարոն Գևորգյանն հավելեց. «Սակայն բոլորի՝ տեղի գյուղացիների և փորձագետների համար պարզ է, որ այդ բացթողնված ջուրը լցվում է Արաքս և գնում Նախիջևանի ջրամբար։ Ինչքա՞ն կարելի է ստել»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ սխալ աշխատանքի համար պետք է պատասխանատվություն կրեն ինչպես առանձին մասնագետներ, այնպես էլ միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորում են կառավարության անարդյունավետ որոշումները։