Ձկնաբուծարանները տարեկան մինչև 1 միլիարդ խմ բարձրորակ խմելու ջուր են խլում
Արարատյան Արտեզյան ավազանի ձկնաբուծարանները տարեկան մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր բարձրորակ խմելու ջուր են խլում և մի քանի միլիոն ԱՄՆ դոլար ձուկ աճեցնելուց հետո անվերադարձ թափում Արաքս գետ: Սաուդյան Արաբիայում ոռոգման և խմելու համար օգտագործվող ջրի պակասի պատճառով օգտագործում են նաև ծովի աղազրկված ջուր: 2014 թվականի տվյալերով՝ մեկ խորանարդ մետր ջրի աղազրկման ծախսերը կազմում են 4 ԱՄՆ դոլար: Հայաստանից ընդամենը 1400 կմ հեռավորության վրա Հայաստանի ձկնաբուծարանների օգտագործած տարեկան 1 մլրդ խորանարդ մետր ջուրը արդեն արժե 4 մլրդ դոլար կամ որ նույնն է, 1.62 տրիլիոն դրամ՝ շատ ավելի քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է: Հայաստանում ջրի բացառիկ սեփականատեր ՀՀ քաղաքացին ձկնաբուծարաններից հարկերի տեսքով ստանում է 50 լումա մեկ խորանարդ մետր ջրի օգտագործման համար (մինչև վերջերս 5 լումա), 10 000 դրամ միանվագ՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար, իսկ ձկնաբուծական արտադրանքը ազատված է հարկերից: Համահայկական բնապահպանական ճակատ