Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվանագիտական խնդիրները զինվորը լուծում է իր արյան գնով (տեսանյութ)

Քաղաքականություն
arcrun

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտ Վահան Արծրունին եւ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեցին սահմանում տեղի ունեցող լարվածության մասին. «Երբ պետությունը չունի հստակ դիվանագիտություն, ապա միշտ այդ խնդիրների բեռը ծանրանում է զիվորի ուսերին, ու հենց այդ դիվանագիտական խնդիրները զինվորը լուծում է իր արյան գնով»,–ասաց Վահան Արծրունին, ով սահմանային լարվածությունը կապում է ոչ ճիշտ քաղաքականության հետ։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով դիվերսիոն գործողություններին, ասաց. «Ակնհայտ երեւում է, որ Ադրբեջանը սահմաններում մեզնից մի քանի անգամ շատ է խախտումներ կատարում ու ցույց տալով իր զինվածության հնարավորությունները՝ հաշվի չի առնում նույնիսկ Ռուսաստանին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մենք պետք է զբաղվենք ակտիվ քաղաքականությամբ եւ դիվանագիտությամբ, պարզապես պետք է ժամանակակից զենք գնենք»։ Բանախոսների խոսքով՝ իր մեղավորության բաժինն ունի նաեւ մեր ժողովուրդը եւ որ չունի պահի լրջությունը.«Եթե ամեն օր պար ու քեֆ է, ու մենք ուրիշ դարդ ու ցավ չունենք, ինչի՞ մասին է խոսքը»,–ասաց Էդվարդ Միլիտոնյանը։ Բանախոսները կարծում են, որ Սփյուռքը եւս պետք է շահագրգռված լինի, բայց ակտիվություն չեն տեսնում նրանց կողմից։ Իսկ այն հարցին, թե արդյոք մտավորականները մտահոգվա՞ծ են սահմանում տեղի ունեցող դեպքերով, բանախոսները նշեցին, որ հաճախ լինում են հավաքներ, որոնց ընթացքում քննարկվում են սահմանում տեղի ունեցող հարձակումների մասին։ Էդվարդ Միլիտոնյանն ավելացրեց, որ նաեւ կան գրողներ, մտավորականներ, որոնք չեն հասկանում այս խնդրից։ Վերջում բանախոսներն ասացին, որ թեեւ թերություններ կան մեր բանակում, բայց պետք է ամեն ինչ արվի՝սկսած հոգեբանությունից մինչեւ նոր զինտեխնիկա, որպեսզի բանակը ավելի կայուն լինի ու ունենանք պաշտպանված ժողովուրդ։