Սեւանում ձկնապաշարները շարունակում են պակասել (տեսանյութ)
Սեւանում ձկնապաշարները շարունակում են պակասել: Այս մասին այսօր ահազանգեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` խոսելով Սևանա լճի ձկնային պաշարների ներկա վիճակի մասին: Նրա հավաստմամբ՝ Սևանում սիգի պաշարներն ավելացել են. «Այդ ձկնատեսակի ձվադրումը սկսվել է, սակայն ձկնատեսակի աճի տվյալները պարզ կլինեն դեկտեմբերին»: ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրենը նշեց, որ լճում ձկնատեսակների հսկողությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Ըստ նրա՝ շարունակվում են որսագողության դեպքերը. «Շուկաներում մենք այսօր վաճառքում տեսնում ենք սիգ, կողակ տեսակի ձկներ, որոնց որսն օրենքով արգելված է», - փաստեց Գաբրիելյանը: Մասնագետը նկատում է, որ մեր էկոհամակարգը դեգրադացիայի է ենթարկվում, որից տուժում են նաև ձկնային պաշարները. «Այն գետերը, որոնց վրա ձվադրություն են ուենում ձկները, այդ գետերի սանիտարական վիճակն անբավարար է: Այդ գետերի վրա Հէկ-եր են կառուցվում, գյուղացիները ոռոգման ջուր են օգտագործում, ուստի գետերը չորացման եզրին են կանգնած, դրա հետ պայմանավորված մենք ձկնային պաշարներ ենք կորցնում», - բացատրում է Բարդուխ Գաբրիելյանը: Իսկ խեցգետնի պաշարները Սևանա լճում նախորդ տարիների համեմատ ավելացել են՝ հայտարարեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նրա խոսքով, սակայն, խեցգետնի պաշարները նվազում են աղտոտված գետերի պատճառով. «Սևանա լիճ թափվող գետերը, որոնց վրա ձվադրում է խեցգետինը, աղտոտված է, իսկ խեցգետինը շատ նուրբ է, աղտոտվածությունից մենք բավականին խեցգետնի պաշարներ ենք կորցնում», - ասաց Էվելինա Ղուկասյանը: