Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբլին կորցնում է իր արժեքը

Տնտեսություն
index4

Դոլարի կուրսը մոսկովյան բորսայում այսօր աճել է ռուբլու նկատմամբ 63 կոպեկով՝ հասնելով 35,01 ռուբլու։ Այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը։ Աղբյուրը փոխանցում է, որ ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերություններին սանկցիաների ենթարկելու ֆոնին կտրուկ նվազել են ռուսական ֆոնդային ինդեքսները։ Նշենք, որ այսօր արևմտյան լրատվամիջոցները փոխանցել են, որ ԱՄՆ նախագահը միակողմանի կերպով սանկցիաներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Նա այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ ԵՄ-ի ղեկավարները Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ չորեքշաբթի օրը նմանաբնույթ սանկցիաների էին ենթարկել ՌԴ-ին։ Արևմտյան պետությունները դիմել են այս քայլերին Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամի պատճառով։ Հիշեցնենք՝ այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը բացառել էր  ՌԴ տնտեսության վրա սանկցիաների բացասական ազդեցությունը։ Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլու կտրուկ անկում չի նկատվել։ Վերջին 1 ամսվա տվյալներով՝ ռուբլու փոխարժեքը եղել է շուրջ 11.9 դրամ։ Բանկերից մեկում «Ա1+»-ին տեղեկացրին, որ տատանումներ նկատվել են ըստ օրերի, սակայն արտառոց նվազում չի արձանագրվել։