«Կառավարությունը ծառայում է օտար ուժերին»
Ներկայիս իշխանությունը դիվերսիա է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ պնդում է Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը. «Կան բաներ, որ հնարավոր չէ ասել, որ ուղղակի սխալվել են կամ չեն կարողանում անել: Տեսնում ես, որ կառավարությունը լավ էլ կարող է շատ խնդիրների լուծում տալ, սակայն դիտավորյալ կազմակերպված դիվերսիա է իրականացնում սեփական ժողովրդի վրա»: Պարոն Սարուխանյանը համոզմունք ունի, որ ներկայիս կառավարությունը հատուկ հրահանգ է ստացել արտերկրից. «Ակնհայտ է արդեն, որ կառավարությունը ծառայում է օտար ուժերին։ Մատով կանչում են, վազում ա, ստորագրում: Ձիուց նոր են իջել, մեզ դասեր են տալիս»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ներկայիս իշխանությունը հրաժարական տալու համար Նախախորհրդարանը տվել է մինչև 2015թ. ապրիլի 24-ը ժամանակ. «Մենք խոստանում ենք՝ կբացենք այն միջանցքը, միայն թե դուրս եկեք, ազգի գլխին պատուհաս մի դարձեք ու ինչքան շուտ, այնքան լավ»։ Խոսելով Նախախորհրդարանից՝ նա տեղեկացրեց, որ կառույցն այսօր ձևավորման գործընթացում է. «Արդեն կազմավորվել է ընտրական հանձնաժողովը, ինքնաառաջադրումներ են ընթանում»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ կոնկրետ ժամկետներ նշված չեն. սպասում են, որ իրենց կմիանան բանիմաց քաղաքացիներ, որից հետո էլ կձևավորվի հիմնադիր խորհրդարանը։