Խնջույքի համար «Զվարթնոցը» չեն հանի հուշարձանների շարքից (տեսանյութ)
Հայաստանը զբոսաշրջիկներին ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է ներկայացվեն ոչ միայն մեզ համար ավանդական դարձած հուշարձանները, այլև այն, ինչ որ մենք ունենք, իսկ մյուսները չունեն. «Ամբողջ աշխարհում դժվար է պահպանել հում աղյուսից կառուցված շինությունները, այժմ աշխարհում դրանք զարմանալի են և յուրօրինակ։ Մենք ունենք մի շարք նման շինություններ՝ Կարմիր բլուրը, Հռիփսիմե տաճարի որոշ մասը, Արարատյան թագավորության ժամանակաշրջանի շինություններ, մեզ մնում է այն ներկայացնել»,- այսօր լրագրողներին ասաց «ԻԿՕՄՕՍ» Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը «Որքանով են մեր Հայաստանյան մշակութային օջախները գրավիչ զբոսաշրջիկների համար» քննարկման ժամանակ։ Ինչ վերաբերում է Երևանում վերջերս մեկը մյուսի հետևից քանդվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին, պարոն Գյուրջյանը գտնում է, որ պետք չէ մեղադրել միայն Մշակույթի նախարարությանը, քանի որ այն նաև քաղաքաշինության նախարարության խնդիրն է. «Քաղաքաշինության և հուշարձանների պահպանության խնդիրների անհամապատասխանությունն է պատճառը, քանի որ պատմական քաղաքները իրենց գլխավոր հատակագծի մեջ պարտադիր պետք է ունենան պատմական միջուկի պահպանության սխեմա, որը հատակագծի կարևոր մասն է։ Ցավոք սրտի, Երևանի հատակագիծը, իմ կարծիքով, նման բան չունի, եթե կառուցում ես նոր փողոց, այնպես կառուցիր, որ պատմական միջուկին չխանգարի»։ Բանախոսը նաև անդրադարձավ «Զվարթնոց» տաճարը վերջերս խնջույք կազմակերպելու արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ցանկից հանելու մասին լուրերին՝ նշելով, որ այն պայմանավորված չէ վերջին իրադարձություններով. «Այս տեսակ միջոցառումները պատճառ չեն կարող լինել, որ նրանք հանեն, դրա պատճառներն այլ են։ Այն կառույցները, որոնք գտնվում են համաշխարհային պահպանության շարքերում, 5 տարի հետո տվյալ երկիրը պետք է տա ինֆորմացիա , թե ինչ է արել և ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչով կարող է օգնել։ Սակայն ցանկից կարող է հանվել այն դեպքում, երբ այնտեղ անհարկի շինություններ կառուցվեն, իսկ միջոցառումների դեպքում կարող են զգաստացնող նկատողություն անել»,- ասաց Գագիկ Գյուրջյանը։