Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը
Հուլիսի 6-ին Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինացի գործընկերոջ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն հայտնեցին, որ Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: Զրույցի ընթացքում նախարարները ջերմությամբ վերհիշեցին Բուենոս Այրեսում, Երևանում, տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում իրենց ունեցած հանդիպումները և գոհունակությամբ արձանագրեցին, որ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարևորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը: Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշեց, թե այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ, անդրադարձ եղավ միջազգային խնդիրների: ԱԳՆ