«Բոլորիդ հոսանքն է թանկացել, նույնիսկ՝ հանրապետականների» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո քառյակը հետագա քայլերի որոշում դեռ չունի։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է. «Եվ երեկ, եւ այսօր դուք տեսնում եք, որ մեր ելույթների մեջ կա մտահոգություն ոչ թե իշխանությանը ջարդելու, այլ համոզելու, որ էս թանկացմանը չգնա»։ «Կա Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը, կա համատեղ միջոցառումներ անելու այլ առաջարկներ։ Մենք այդքան միամիտ չենք, որ հավատանք, թե իշխանությունը ընդառաջելու է մեզ,-արձանագրում է Ռուբեն Հակոբյանը։-Իշխանությունը գործում է վերսահմանադրական հարթության վրա, իսկ դա արդեն որեւէ տրամաբանության չի ենթարկվում»։ Սեպտեմբերից հետո տեղի ունեցող հանրահավաքից առաջ, քառյակն ըստ Արմեն Ռուստամյանի, ստիպելու է իշխանություններին չեղյալ համարել ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացումը, այլեւ իրականացնել 12 կետերը. «Ստիպելու ենք, մղելու ենք իշխանություններին, որպեսզի այդուամենայնիվ ականջալուր լինեն»։ Կոնգրեսական Արամ Մանուկյանը դիմում է բոլորին՝ բոլորիդ հոսանքն է թանկացել, նույնիսկ՝ հանրապետականների, ոտքի կանգնեք. «Ամեն ինչ չի, որ պահանջել է պետք քաղաքական ուժից, է մենք էլ ընդամենը արձագանքում ենք հասարակության քիմքին ցանկություններին, մղումներին» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան. «Ժողովուրդը, մեր քաղաքացին ինքը կհասկանա, որ իր մասնակցությունը, իր պաշտպանությունը քառյակի խնդիրը չի, նախ եւ առաջ իր խնդիրն է»։ Արմեն Ռուստամյանը շարունակում է. «Իրենք վստահ են, որ ժողովուրդը էդքան ակտիվություն չի հանդես բերի, էդ ակտիվությունը սոցիալական ընդվզման չի բերի, դրա համար գնում են նման քայլերի»։ Արամ Մանուկյանն ասում է, որ այս հանրապետական իշխանությունը սիրում է գողանալ, նրան ոչ ոք ձայն չի տվել, հետեւաբար ոչ մեկին հաշվետու չէ, գողին պետք է հեռացնել։ Ռուբեն Հակոբյանն ասում է՝ արկածախնդրություն չի լինելու, եթե մինչեւ սեպտեմբերի 30-ը 12 կետերը չիրականացվեն, կանեն այն, ինչ իրենցից սպասում է ժողովուրդը. «Այն, ինչ որ մենք նախատեսել ենք, միմիայն եւ բացարձակապես ժողովրդի մասնակցությամբ պետք է իրականացվի»։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյան. «Ըտենց չի, որ էդ 12 կետը կարող են 2 տարի հետո իրականացնել, անպայման ամեն ինչ իր ժամանակին պետք է իրականացվի»։