Գերազանց գնահատական` 0:8 հաշվով պարտվելու համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները վերջերս Գերմանիայում կայացած միջազգային մրցաշարում նվաճել են 6 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Այդ կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս կազմակերպվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում: Կառույցի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, խոսելով մեր ըմբիշների այս տարվա առաջին վեց ամիսներին ունեցած ելույթների մասին, ասաց, որ ֆեդերացիան գերազանց է գնահատում նրանց ցույց տված արդյունքները: «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, արդյոք կարելի՞ է բարձր գնահատական տալ մեր ըմբիշների ելույթներին, երբ Հայաստանի հավաքականը 0:8 հաշվով պարտվել է հարեւան երկրի ազգային թիմին, Հրանտ Ենոքյանը պատասխանեց. «Եթե մենք չմասնակցեինք աշխարհի գավաթի խաղարկությանը, ապա մեզ կտուգանեին: Այդ մրցաշարին մասնակցեցինք, կարելի է ասել, երրորդ կազմով, քանի որ մեր առաջատար ըմբիշները պատրաստվում էին Եվրոպայի առաջնությանը»: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այդ հարցի կապակցությամբ ավելացրեց, որ ինքն է որոշել նման կազմով մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը: «Եթե մեր կառավարությունը, մեր պետությունը որոշի, որ պետք է լուրջ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը, հանդես գալ հիմնական կազմով եւ վերադառնալ հաջողությամբ, ապա մենք այդպես էլ կանենք: Բայց մեր համար միաժամանակ կարեւոր է պատրաստել հավաքականի առաջատարների փոխարինողներ, իսկ դրա համար մարզիկները պետք է անցնեն նման կարգի մրցումների բովով» - եզրակացրեց օլիմպիական չեմպիոնը: Փաստորեն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային եւ հավաքականների գլխավոր մարզիչներին առաջին հերթին հետաքրքրում են մարզիկների անհատական հաղթանակները, իսկ ահա Հայաստանի ազգային թիմի ելույթները դիտարկում են որպես երիտասարդ ըմբիշների միջազգային փորձ ձեռք բերելու միջոց: