Գլխավոր դատախազը չի համբուրի դատախազության դուռը (տեսանյութ)
Անմեղ մարդիկ այսուհետեւ չեն դատապարտվի,-այսօր վստահեցրել է գլխավոր դատախազը։ Իսկ ո՞վ է պատասխան տալու մինչեւ նոր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը սխալ մեղադրանքների համար. «Նախկինում եղել է, թե ոչ, ես դրա համար չեմ կարող պատասխան տալ»։ Աֆրիկյանների տան դիմաց ոստիկանների ֆիզիկական բռնություններին ենթարկվողներին գլխավոր դատախազը ոչնչով չի կարող մխիթարել, ավելի լավ կանեն, եթե բողոքողները «Ոստիկանության մասին» օրենքի 4-րդ գլուխը սովորեն. «Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը իրոք ոստիկանի լիազորությունների մեջ է մտնում»։ Գլխավոր դատախազը բռնության ենթարկվածներին խորհուրդ է տալիս դիմեն իրենց, բացառված չէ, որ արդյունքում հենց բռնության ենթարկվածների հանդեպ էլ սկսվի քրեական հետապնդում. «Իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց, ովքեր որ ոստիկանների նկատմամբ են բռնություն կիրառել»։ Գլխավոր դատախազն այսօր նաեւ պարզաբանել է, թե ինչու Շանթ Հարությունյանի դատավարությունից առաջ գազային ատրճանակից կրակած Հայկ Կյուրեղյանին կալանավորեցին, իսկ նույն օրը իսկական ատրճանակից կրակած Երեւանի քաղաքապետի խորհրդականի որդուն երաշխավորագրով բաց թողեցին, առաջինը բռնությամբ խուլիգանություն է արել, երկրորդը՝ պարզապես խուլիգանություն. «Խուլիգանության առաջին մասի համար մենք ունենք մինչեւ 1 տարի ազատազրկում, իսկ 4-րդ մասի համար, այսինքն՝ Գեւորգ Կյուրեղյանի համար մենք ունենք 4-ից 8 տարի»։ Ազգային ժողովի պատգամավորների քվեով գլխավոր դատախազ ընտրվելուց հետո Գեւորգ Կոստանյանը վատ չի քնում, նրան չի մտահոգում, որ իր դեմ քվեարկածների քվեները կեղծվել են, կարեւորը՝ անհրաժեշտ ձայներն ինքը ստացել է. «Հիմա թե ինչ-որ մեկը հայտարարում ա, որ ես չեմ քվեարկել կամ ես կողմ չեմ քվեարկել, բայց ինչ-որ մեկը կեղծել ա... Ու՞մ էր պետք կեղծել դա, ո՞վ էր շահագրգռված կեղծման մեջ, ո՞րն էր մոտիվը կեղծման... Զրո տրամաբանություն եմ տեսնում, զրո տրամաբանություն։ Դրա համար հանգիստ եմ քնում»։ Կենսաթոշակային բարեփոխումները գլխավոր դատախազությունում ցնցումներ չեն առաջացրել, այստեղ այսօրվա դրությամբ ոչ ոք չի հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակին իր մասնակցությունից. «Հիմա կլինի, թե չէ, այս պահի դրությամբ չկա ըտենց բան»։ Ի դեպ, 37-ամյա գլխավոր դատախազն այսօր տեղեկացրեց, որ ինքը այս կառույցից հեռանալիս հաստատ չի պատրաստվում վարվել այնպես, ինչպես վարվեց իր նախորդը՝ համբուրել դատախազության մուտքի դուռը. «Ես որեւէ տեղ դուրս գալուց կամ ներս գալուց որեւէ բան չեմ համբուրում»։