«Ոստիկանները հանցավոր անգործություն են ցուցաբերել» (տեսանյութ)
Հանցավոր անգործություն։ Աֆրիկյանների շենքի մոտ հերթապահող ոստիկանների քայլերը այսկերպ է բնորոշում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը. «Անօրինական քանդվում է այդ մշակութային հուշարձանը, որն ինքնին հանցագործություն է, իսկ ոստիկանությունը, որի թիվ մեկ խնդիրն է կանխարգելել հանցագործությունը, հակառակը՝ խոչընդոտում է այն անձանց գործողությունները, ովքեր ուզում են կանխել այդ հանցագործությունը».- ասում է նա։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր դիմել է վարչական դատարան՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի և կառավարության որոշումները։ Այդ փաստաթղթերով Աֆրիկյանների շենքի տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ. «2008թ. Հայաստանը վավերացրել է եվրոպական մշակույթների պահպանության մասին կոնվենցիան, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հուշարձանը հնարավոր է պահպանել, եթե վտանգ է սպառնում դրան, իսկ այստեղ խոսքը գնում է այն մասին, որ այդ տարածքը համարվել է հանրային գերակա շահ, որի իրավունքը չկա»։ Այս տարածքում բոլորի գործողություններն են անօրինական՝ թե՛ ոստիկանների, եւ թե՛ շենքը ապամոնտաժողների համոզված է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։ Մինչ փաստաբանները պայքարում են իրավական դաշտում, քաղակտիվիստները շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր շենքի մոտ բողոքի ակցիան քաղաքական ենթատեքստ էր ստացել։ Նախաձեռնության անդամները ֆլեշմոբ էին կազմակերպել՝ իրենց հետ բերելով քաղաքական բացիկներ։ Ավելին տեսանյութով՝ քիչ անց