Նոր օրենքը զարմացրել է անասնատերերին. Ինչպե՞ս չխփել կովին (տեսանյութ)
Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակչուհի Քնարիկ Սեյրանյանն այսուհետ չի կարող հարվածել իր սեփական կովերին: «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» նոր օրենքն արգելում է տիրոջը հարվածել, քաշել կենդանու պոչից կամ մորթուց բռնած ուղղություն ցույց տալ: Նոր օրենքը զարմացրել է անասնատերերին: Նրանք վստահեցնում են՝ օրենք գրողի սիրտը հաստատ իրենցից ավելի շատ չի ցավում իրենց կենդանիների համար. «Կովի տակին նստած կթում ես, էդ կովը քեզ քացով տալիս ա` ուզած - չուզած դու էլ պետք ա խփես, որ քեզ ինքը չխփի, էդ ասողը` օրենք գրողը, թող գա, մի օր ինքը նստի կթի, տենա ինչ ձևի կովա լինում: Ցուլ կա՝ պոզերով քեզ հարվածում ա, պետք ա իրան խփես, որ քեզ չխփի».- ավելացնում է նա: Իսկ անասնատեր Մայիս Բաբաջանյանը նոր օրենքի ընդունումը զավեշտ է համարում: Նա իր ընտանի կենդանիների նկատմամբ գթասիրտ է: Սակայն խոստովանում է` հարկ եղած դեպքում կովերին հարվածում է` նրանց իսկ շահերից ելնելով. «Մարդը մարդուն ծեծում ա, իսկի չեն պատժում, կարող ա՞ կովի համար պատժեն, իրա անասունն ա, կարող ա՞ թողնի պոզով խփի»,- բացատրում է անասնատերը: