Հակոբյանն ընդհատեց Պետրոսյանի հաղթարշավը
Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» ծովափնյա առողջարանում անցկացվող Grand Europe open շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի 2013 թ. չեմպիոնը առաջին կես միավորը կորցրեց երեկ կայացած 6-րդ տուրում, երբ սպիտակներով ոչ-ոքի խաղաց մեր մյուս մասնակից Վլադիմիր Հակոբյանի հետ: Չնայած կորուստին, Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Այսօր նա ուժերը կչափի թուրք գրոսմայստեր Դրագան Սոլակի հետ: Վլադիմիր Հակոբյանը, որը առաջատարին զիջում է ընդամենը կես միավորով, 7-րդ պարտիայում կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Նիլս Գրանդելիուսի հետ: Նույնպիսի արդյունք ունի նաեւ մեր երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որն այսօր սպիտակներով կմրցի Պարագվայի ուժեղագույն շախմատիստի` Աքսել Բաչմանի հետ: Մրցաշարում վատ հանդես չի գալիս նաեւ մեր չորրորդ մասնակիցը` ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, որը 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 21-րդ տեղը: