Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպիսին է նոր ավտոմայրուղին

Հասարակություն
0018

Շահագործման է հանձնվել Լենինգրադյան փողոց - Ծովակալ Իսակովի պողոտա նոր ավտոմայրուղին։ Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, որն ավարտվել է 2014թ. մայիսի 31-ին:   004 Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ: Երթևեկելի մասի լայնությունը կազմում է 15 մ (2 x 3.75 x 2), բաժանարար գոտու լայնությունը`4 մ, իսկ մայթերի լայնությունը՝ 2.25 մ և 2.5 մ: Կառուցվել են տարբեր մակարդակների տրանսպորտային երկու հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հատումներում։ Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցն ապահովում է առանց հատումների մեքենաների երթևեկությունն ու ստեղծում տրանսպորտային կապ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթևեկելի 19 մ և ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։ Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Թունելի երկարությունը 46 մ է, լայնությունը՝ 16 մ, բարձրությունը՝ 5.1 մ։ Հանգույցի այս հատվածում կառուցվել են ուղիներ՝ ապահովելով անհրաժեշտ երթևեկության ուղղությունները։ Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը 73000 քմ է, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14000 քմ, ընդամենը՝ 87000 քմ: Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա: Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել տրանսֆորմատորային 3 ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող և 5.5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն և 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում՝ 30 լուսարձակ։ Ավտոմայրուղու երթևեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղու ցանց։ Մայրուղուն զուգահեռ կառուցվել է նաև 3.5 մ լայնությամբ շերտ՝ ինժեներական հաղորդակցուղիներ անցկացնելու համար, որտեղ տեղադրվել է 1 կմ երկարությամբ ջրատար և 2 կմ երկարությամբ կենցաղային կոյուղի։ Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը 7896,0 մլն դրամ է: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 006