Գյուղացին վաղուց խաչ է քաշել բոլորի վրա (տեսանյութ)
Կրկնապատկեք գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները. սա կառավարությանն ուղղված՝ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի պահանջներից մեկն է։ Նրանք գտնում են, որ 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները պետք է վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոս տոկոսադրույքով: Մինչ ոչ իշխանական ուժերը սպասում են այս խնդիրների լուծմանը, գյուղացիներից շատերը, ինչպես ասում են, վաղուց խաչ են քաշել բոլորի վրա։ Այսօր պետության կողմից տրվող 14 տոկոս տոկոսադրույքով վարկերն իրենց չեն արդարացնում։ Միայն վարկ բառը սարսափի մեջ է գցում գյուղացուն։ Վարկ վերցնելը հեշտ է, դրա տակից դուրս գալ է պետք՝ ասում են գյուղացիները։ Վերջին տարիների բնակլիմայական վատ պայմանները, պարարտանյութի հսկայական գնաճը, գյուղապրանքների էժան մթերումը գյուղացուն ստիպում է հեռանալ հողից եւ այլ աշխատանք գտնել։ Գյուղացին պետությունից պահանջում է վարկերից բացի, նաեւ գյուղատնտեսական ապահովագրության մասին մտածել։ Այսօր իրենց վարկերի չմարելու պատճառով հազարավոր գյուղացիներ զրկվել են անգամ իրենց տներից, իսկ պետությունը՝ առաջին հերթին ԱԺ-ն, շարունակում է աչք փակել այս փաստի վրա՝ որեւէ օրենսդրական լուծում չտալով։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում