Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ոսկե ծիրանը ոսկու գին ունի (տեսանյութ)

Մարզեր Հասարակություն
ciran

Մասիսի տարածաշրջանում ծիրանը հազվագյուտ միրգ է դարձել։ Երբեմնի ծիրանի բերքով հարուստ Արարատի մարզի Մասիս քաղաքի առևտրի կետերում ծիրան գրեթե չես գտնի։ Մեր այցելության պահին վաճառքի միայն երկու կետերում ծիրան կար։ Վաճառողուհին վստահեցնում է՝ տեղական է՝ Արմաշինն է, գինն էլ 3500 դրամ։ Ասում է՝ ծիրանով հետաքրքրվողները շատ են, գնորդները՝ քիչ. գինը տեսնում են ու մրգին մոտ չեն գալիս. «Էս ամենաթանկ ծիրանն ա, գները տարբեր են՝ նայած որակի ու չափի. շալախ ծիրանը թանկ է», - հայտնեց վաճառողուհին և հավելեց, որ գները վերջին օրերին նվազել են։ Նրա տեղեկացմամբ՝ մեկ շաբաթ առաջ ծիրանի կիլոգրամը 5000 դրամ է եղել։ Վաճառողուհու խոսքով՝ ինքը ներկրված ծիրան չի վաճառում։ Այն թեև տեղականի համեմատ էժան է, բայց որակն է վատ. «Լավ չի՞, որ մի երկու կոպեկ թանկ տան՝ մեր ծիրանն առնեն, քան թե Պարսկաստանից բերվածը, որը համ ու հոտ չունի»։ Վեմիր Հարությունյանի բանջարեղենի կրպակում վաճառվում են Արարատյան դաշտավայրի գրեթե բոլոր բարիքները՝ բացառությամբ ծիրանի։ Նա սեփական ծիրանի այգի ունի, սակայն այնտեղից մեկ կիլոգրամ բերք չի ստացել, անգամ ծիրան չի ճաշակել։ Առևտրականն այս տարի հայկական ծիրան չի վաճառելու, Իրանից ներկրված ծիրանի առևտուր էլ չի համարձակվի անել. «Պարսկաստանից բերում կիլոն 3500 դրամ բիրիքով ծիրան են ծախում, ես էլ պետք ա առնեմ մի 100- 200 դրամ էլ ավելացնեմ, չէ, ձեռս չի գնա էս ժողովրդի վրա սենց գնով վաճառեմ», - բացատրում է առևտրականը։ Արարատյան դաշտավայրի ծիրանը, հասնելով Երևան, առեւտրի կետերում վաճառվում է սկսած 3500 դրամից։