«Ամսական 80 դրամի դիմաց իշխանությանը հանձնեցինք մեր իրավունքը» (տեսանյութ)
Ինչ էինք՝ ինչ դարձանք. իրենք իրենց սոցիալական վիճակից զարմանում են Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչները: «Ժողովրդի մասին մտածող չկա, իրոք չկա, էս ղեկավարությունն էլ մի կողմից, թող Աստված իրանց ողորմի, ի՞նչ պետքա տանեն էս երկրից»,- ասում է համայնքի բնակիչ Գուրգեն Հայրապետյանը։ Ժամանակին մեկն աշխատում էր՝ ընտանիքն ապրում, այսօր ամբողջ ընտանիքն աշխատում է՝ մի ուսանող չի կարում պահի, նեղսրտում է Եղիշե Շահբազյանը, ով գյուղում ընկալվում է իբրեւ ամենաապահով մարդը. «Աշխատում ենք օրական 17-18 ժամ։ Սովետական գիտնականները մեզ բացատրում էին, թե որնա կապիտալիստական սիստեմի էությունը՝ շահագործում, հիմա մենք շահագործվում ենք»։ Ամեն ինչում մեղավոր են գյուղացիները՝ խոստովանում է անասնապահական ֆերմայի տերը՝ հիշեցնելով, մենք մեր ձեռքով մեր տունն ու երեխաների ապագան կործանեցինք, երբ ամսական ընդամենը 80 դրամի դիմաց իշխանությանը սկուտեղի վրա մատուցեցինք մեր ազատ արտահայտվելու սահմանադրական իրավունքը։ Ամսական 80 դրամ ասելով՝ Եղիշ Շահբազյանը նկատի ունի այն 5 հազար դրամը, որը ընտրություններին վերցնում ենք մեկ անգամ 5 տարի շարունակ չարքաշ կյանքով ապրելու համար։ Այն, որ գյուղում սոցիալական վիճակն իսկապես ծանր է, վկայում են նաեւ կրպակատերերը։ Մանրամասներ՝ տեսանյութում