«Միլդիու» և «օիդիում» հիվանդությունները սպառնում են խաղողի բերքին (տեսանյութ)
Նոր սպառնալիք խաղողի բերքին. «Միլդիու» և «օիդիում» հիվանդությունները շարքից հանում են խաղողի վազերը։ Հիվանդությունը կապված է եղանակի հետ։ Վտանգն առաջանում է մեծ քանակությամբ տեղումներից և բարձր ջերմաստիճանից։ Այսօր նման վտանգի առջև կանգնել են Արարատյան դաշտավայրի այգիները։ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Ռաշիդ Թերզիկյանը մեկ շաբաթ է՝ խաղողի այգուց դուրս չի գալիս, հետևում է, որ սնկային հիվանդությունը չտարածվի։ Այգին բուժել է, բայց հիվանդությունը չի նահանջել. «Սրսկում ենք, անձրևը գալիս է՝ ոչ մի օգուտ», - նշում է գյուղացին։ Այգեգործը խոստովանում է՝ չգիտի ինչպես պայքարել հիվանդության դեմ։ Բուժումներն էլ ծանոթ բարեկամների խորհրդով է կատարել. «Գյուղատնտես չկա, որ գա ասի, թե ինչ սրսկենք», - ասում է նա և նկատում՝ երևի որտեղ չծախվող դեղ կա, դեղատան աշխատողը մեզ ա տալիս՝ մենք էլ գյուղացի մարդիկ ենք, չենք հասկանում։ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ Լևոն Պետրոսյանի մշակած խաղողի վազերում սունկ չկա։ Ժամանակին բոլոր կանխարգելիչ միջոցառումները կատարել է և այժմ ամեն օր տերևները մանրակրկիտ ուսումնասիրում է, որ հանկարծ հիվանդությունը չտարածվի։ Բայց վախը սրտում է, որ կարող է չարաբաստիկ հիվանդությունն իր այգին էլ չշրջանցի. «Սրսկումները 90 տոկոսով կօգնեն, եթե անձրև չգա, բայց հիմա 50 տոկոսով էլ սկի չի օգնում», - փաստում է այգեգործը։ «Սրսկում եմ, անձրևը գալիս- հեչ ա անում՝ փող ա, որ ջուրը տանում է», - ասում է խաղողագործ Նորիկ Աբգարյանը։ Նրա կես հեկտար խաղողի այգին հիվանդության ճիրաններում է հայտնվել։ Անելանելի դրության մեջ հայտնված գյուղացին հույսն այս դեպքում դնում է միայն եղանակի բարեհաճության վրա։