Լոշտակ պղպեղը՝ Հայաստանում (տեսանյութ)
«Հայաստանում սկսել են ավելի գնահատել տեղական արտադրանքը, և շուկայում տեղական բանջարեղենն ու միրգն ավելի շատ է, քան ներկրվածը»,- այսօր այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի» գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը։ Եթե տարիներ առաջ, օրինակ, կաղամբի որոշ տեսակների սերմեր բերում էին արտասահմանից, այսօր այդ տեսակների սերմերն արտադրվում են հենց Հայաստանում. «Շուկայում շատ է մեր ավանդական կաղամբը և անգամ, երբ վաճառքում տեսնում եք ոչ ավանդական կաղամբի տեսակները, վստահ եղեք՝ տեղական է»,- շարունակեց բանախոսը։ Տիկին Սարգսյանը նաև ընդգծեց, որ սուտ են այն խոսակցությունները, թե տարիներ առաջ Հայաստանում արտադրված սերմերն այսօր վերացել են. «Եթե ստեղծվել է մեր կողմից, անցել է համապատասխան որակական ստուգում՝ անհնար է, որ չլինի, պարզապես քիչ են արտադրում, քանի որ այսօր շուկան մեծացել է և պահանջարկն էլ փոխվել է»,- ասաց Գայանե Սարգսյանը։ Տիկին Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ արդեն այս տարի հայկական շուկա է մտնելու Լոշտակ կարմիր պղպեղը, որն այդպես են անվանել, քանի որ նապաստակի ականջների նման երկար են։ Այն ավանդական սորտերից տարբերվում է հյութեղ պտղամսով։ Ըստ Գայանե Սարգսյանի՝ հայկական արտադրանքը մրցունակ է եվրոպական շուկայում. «Մեր ֆերմերներն աշխատում են ավելի գրագետ։ Ճիշտ է՝ բացարձակապես էկոլոգիական մաքուր արտադրանք չենք կարող տալ, բայց համեմատած այլ արտադրատեսակների հետ, հայկական արտադրանքը ավելի քիչ պարարտացված է»։