Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը հանդես կգա օրենքի նոր նախագծով

Տնտեսություն
դեմ

«Դեմ եմ» նախաձեռնությունն ստացել է բազմաթիվ նամակներ, որ կրթական համակարգում գործատուները չեն վերցնում պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմումները եւ ճնշում են աշխատակիցներին: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այդ հաղորդագրություններից մի քանիսը. «Ստացել ենք բազմաթիվ նամակներ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից: Համալսարանի հաշվապահությունում չեն ընդունում դիմումները՝ ասելով, որ ռեկտորն ասել է, թե ով դիմում բերի, թող ազատման դիմումն էլ ներկայացնի: Հերացու անվան բժշկական համալսարանից ունենք հաղորդագրություններ, «Գրանդ Տոբակո»-ից, Նորք Մարաշ բժշկական կենտրոնից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից»: Սրբուհի Սարիբեկյանը ուրախությամբ նշեց, որ, օրինակ, Պոլիտեխնիկում արդեն նկատվում է գործատուի վարքագծի փոփոխություն. «Պոլիտեխնիկի գիտական խորհուրդը տեղադրել է որոշում, որով երիտասարդ աշխատակիցները կարող են դիմում ներկայացնել: Ունենք նաեւ բարեխիղճ գործատուներ. Սեբաստացու անվան կրթահամալիրն է, Սլավոնական համալսարանը, ԵՊՀ, Հովհ. Թումանյանի անվան տուն- թանգարանը եւ «ՀայՓոստը»: Երեկ ստացել ենք նաեւ մի շարք դպրոցներից հաղորդագրություններ՝ թիվ 65,69,97,66,38,172,173,31,114 դպրոցներից: Գործատուներին կոչ ենք անում՝ պետք է գիտակցել, որ 1937 թ.-ը պատմական անցյալում է, պատուհանից դուրս 2014թ. է»: «Դեմ եմ» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը եւ հունիսի 11-ին, ժամը 19-ին հերթական ակցիան է անցկացնելու Մատենադարանի մոտ: «Ակցիան կմեկնարկի Մատենադարանի մոտից՝ երթի տեսքով, որն ուղղված է լինելու այս ճնշումներին: Մենք ունենք նաեւ քննարկումներ, անգամ դիմելու ենք ԱԺ ոչ իշխանական ուժերին եւ առաջարկելու ենք նոր օրենքի նախագիծ, կազմակերպելու արտահերթ նիստ: Նոր օրինագիծը լինելու է միանշանակ գումարները վերադարձնելու մասին: Կուտակային կենսաթոշակային համակարգը բնորոշող օրենք պետք է լինի: Կուտակային համակարգը պիտի լինի կամավոր սկզբունքների վրա, մեր պայքարը դրան է միտված»,-ընդգծեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Նշենք, որ մայիսի 15-ին Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Ըստ ընդունված օրենքի՝ գործատուները չպետք է կենսաթոշակային պարտադիր պահում կամ փոխանցում կատարեն այն աշխատակիցների համար, ովքեր կներկայացնեն համակարգին մասնակցելուց հրաժարվելու դիմում: