«Այն, ինչ այսօր կատարվում է՝ հեչ է դարձնում մեր հերոսների պայքարը»
Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է փոխել Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի ողջ բնույթը: Այս կարծիքին է հիդրոերկրաբան, «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ Ռուբեն Յադոյանը: «Հանքավայրի պայթեցումները կառաջացնեն ցնցումներ և յուրաքանչյուր ցնցում մի նոր ճաք կբացի և կփոխի ջրերի ուղղությունը: Կփոխվի հանքավայրի բնական սիստեմը: Եթե Ջերմուկի հանքային ջրերը շարքից հանեն, Ջերմուկը կվերանա»,- ասաց Ռուբեն Յադոյանը՝ հավելելով, որ բացի Ջերմուկից վտանգված է նաև Սևանա լիճը: «Արարատյան դաշտի հանցագործությունը կատարվեց, և հիմա էլ էս հանքով Սևանի հերն են ուզում անիծել: Ամուլսարի շահագործման ընթացքում Որոտանի թունելը կլցվեն նոր որակի ջրեր, որոնք էլ հետո լցվելու են Կեչուտի ջրամբար, իսկ այնուհետև Արփա-Սևան թունելով Սևանա լիճ: Կփոխվի Սևանի ջրի կազմը... ո՞վ է հետևելու՝ այդ ջրերի մեջ ինչ թունավոր մետաղներ են լցվելու»,- ասաց երկրաբանը: «Թող կառավարությունը հավաքի իր փողերը և նախ և առաջ վերականգնի Արարատյան արտեզյան ավազանը, այլ ոչ թե միայն ձևական քննարկումներ անեն և հույսը կրկին դնեն ժողովրդի վրա: Պետք է մտածել երկրի ապագայի, երկիրը պահելու մասին...հիմա միայն թալանով են զբաղված...այն, ինչ այսօր կատարվում է՝ հեչ է դարձնում մեր հերոսների պայքարը»,- եզրափակեց Ռուբեն Յադոյանը: Էկոլուր