Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա. Էլցանցերը սնանկացման եզրի՞ն (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կբարձրանա առաջիկա ամիսներին։ Այսօր նման կանխատեսում արեց տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը։ «Նախատեսվում է էլէներգիայի բարձրացում բոլոր խմբերի համար։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հայկական էներգետիկայի համակարգը հիվանդ է եւ կարելի է ճգնաժամային տարրեր տեսնել»։ Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»։ Հիշեցնենք, որ Էլեկտրաէներգիայի սակագինը անցյալ տարի բարձրացել էր 8 դրամով՝ կազմելով 38 դրամ 1 կվ-ի դիմաց։ Ըստ տնտեսագետի՝ էներգետիկայի համակարգն ունի 3 հիմնախնդիր. «Առաջինը՝ համակարգը արդիականացման կարիք ունի, եւ դրա համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Երկրորդն այն է, որ մեր էներգետիկ ընկերությունները պատկանում են ռուսական էներգետիկ ընկերություններին, իսկ այսօր ռուսական էներգետիկ ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն, եւ երրորդն այն է, որ Հայաստանը ներքաշվել է եվրասիական էներգետիկ նախագծերի մեջ եւ այլընտրանք չունի»,-նշեց Աշոտ Եղիազարյանը։ Նա անդրադարձավ նաեւ այն լուրերին, որ էլցանցերն այսօր ունի ֆինանսական խնդիրներ եւ կանգնած է սնանկացման շեմին։ Նա չբացառեց, որ էլէներգիայի սակագնի բարձրացումը նաեւ դրա հետ է կապված։ Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե մեր սահմանին գազի սակագինը կրկին կբարձրանա, տնտեսագետ-փորձագետը նշեց, որ չի նախատեսվում բազիսային գնի բարձրացում։ Նշենք, որ Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանին անփոփոխ՝ 189$ 1000 խմ-ի համար կմնա մինչև 2018թ.։ «Գազի սակագնի փոփոխությունը կապված է ՌԴ Օրենբուրգի մարզի գազի սակագնի հետ։ Եթե Օրենբուրգում փոփոխություններ լինեն, ապա սակագնի փոփոխություն կլինի նաեւ Հայաստանի սպառողների համար»։