Հացի գինը վերջին մեկ ամսում աճել է 0,3 տոկոսով (տեսանյութ)
ՀՀ շուկայում նախորդ ամսվա համեմատ տարբեր ապրանքների եւ ծառայությունների գծով նկատվել է թե գնաճ, թե գնանկում։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, շաքարավազի գինը նվազել է 0.6 տոկոսով, սուրճ-թեյինը՝ 0.2-ով, հրուշակեղենի գինը նվազել է 0.1 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղինը՝ 0,2 տոկոսով։ Սրանք Ազգային վիճակագրության ծառայության տվյալներն են։ Այսօր ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նաեւ այս տարվա եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ մայիս ամսվա արձանագրված տվյալները։ «Այս տարվա մայիս ամսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 3,6 տոկոս գնաճ։ Պարենային ապրանքների գները աճել են 1,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2 տոկոսով, հիմնական ծառայությունների գների աճը կազմել է 7,8 տոկոս։ Հիմնական ծառայությունների աճը կապված է նախորդ տարվա հուլիսին եւ օգոստոսին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ»,-նշեց Գուրգեն Մարտիրոսյանը։ Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ ապրիլ ամսվա համեմատ, մայիսին առավել բարձր գնաճ արձանագրվել է խաղողի գծով՝ շուրջ 21 տոկոս. «Գազարի գինն աճել է 21 տոկոսով, տանձինը՝ 14,7 տոկոսով, սխտորինը՝ 14 տոկոսով, կարտոֆիլինը՝ 7,3 տոկոսով։ Խնձորի գինը վերջին մեկ ամսում աճել է 1,3 տոկոսով, ոչխարի մսինը՝ 5,5 տոկոսով, իսկ խոզի մսինը՝ 4,5 տոկոսով։ Առավել ցածր գնաճ է արձանագրվել մակարոնեղենի մասով՝ 3,7 տոկոս։ Հացի գինը վերջին մեկ ամսում աճել է 0,3 տոկոսով»։