Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող ենք նաև դնել Երևանի բանտի պետ Մուղդուսի արձանը» (տեսանյութ)

Հասարակություն
20140529_123451

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին որոշումը, արդյո՞ք խնդիրը Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումն է: Այս և այլ հարցերի պատասխանները փորձում էին ստանալ մի շարք քաղաքական գործիչներ, պատմաբաններ և ԶԼՄ-ների ղեկավարներ: «Անաստաս Միկոյանի արձանը պետք կանգնեցնել, որպեսզի նոր եկող սերնդին ցույց տրվի, թե ինչպիսի մարդ չպետք է լինել»,- ասաց քննարկմանը ներկա Երեւանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա նաև հավելեց, որ երիտասարդները արձանը կվնասեն, եթե, այնուամենայնիվ, տեղադրվի: Նրա հետ համամիտ չէ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը. «Շատ խիստ խոսքեր եք ասում, ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ նա իր սխալներն ուներ, սակայն, երբ նա գնաց ԱՄՆ, բոլոր թերթերը գրեցին` մենք ակնկալում էինք տեսնել խորհրդային առաջնորդ, բայց եկել էր մեծ դիպլոմատ, դիվանագետ: Պետք չէ բոլոր սպանությունները կապել նրա անվան հետ»: Նրա խոսքը շարունակեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը. «Ինչպես նշեց հարգելի պարոն Բարխուդարյանը, նա փրկել է Դեմիրճյանի, Սարյանի, Իսահակյանի կյանքը, բայց այդ սկզբունքով մենք կարող ենք նաև դնել Երևանի բանտի պետ Մուղդուսի արձանը, նա էլ շատ բանտարկյալների լավ է վերաբերվել: Նա երբեք հանդես չի եկել մեղայականով իր արած սպանությունների համար»: «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով՝ այսօր արձանը դնողները և Անաստաս Միկոյանն իրարից չեն տարբերվում. «Երկու կողմն էլ ուզում է երևալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը: Միկոյանը իր հերթին`իր Հռոմի պապ Ստալինի համար, իսկ այսօրվա քվեարկողներն ուզում են Հռոմի պապ Պուտինի մոտ լինեն ավելի լավ կաթոլիկ»: Պարոն Մովսեսյանը նաև հավելեց, որ այս քննարկումները և արձանի տեղադրումը ավելի լուրջ և առանցքային խնդիրներից շեղելու համար են»: Քննարկումն առավել մանրամասն՝ տեսանյութում: