Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ իշխանությունները պատրաստ չեն Կրեմլի ձախողումներն օգտագործել մեր օգտին»

Քաղաքականություն
Vahram

Ուկրաինայի նախագահի ընտրություններն արձանագրեցին Կրեմլի քարոզչամեքենայի սնանկությունն ու ստահոդությունը՝ hամոզված է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա վստահ է՝ դա կազդի նաեւ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա։ «Կրեմլի այն գործիքները, որոնք նա կիրառում է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների առումով, իրենց նկատմամբ որոշակի կասկածներն ավելի կմեծացնեն, այսինքն՝ Կրեմլն արդեն չի կարող անվերապահորեն որպես բացարձակ ճշմարտություն իր այն գործիքները, որը կիրառում էր Ուկրաինայի պարագայում, նույն գործիքներն ամբողջությամբ կիրառել նաեւ Հայաստանի վրա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։ Միաժամանակ իրավապաշտպանին մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն Կրեմլի ձախողումներն օգտագործել մեր օգտին. «Տեսնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման եւ ընդհանրապես այդ միության ձեւավորման ընթացքում, բացարձակապես հաշվի չեն առնում Հայաստանի իշխանությունների կարծիքը»։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանն ավելի քան վստահ է՝ Ուկրաինայի նախագահի ընտրությունները պետք է նախադեպ լինեն նաեւ Հայաստանի համար. «Իրենց ընտրությունները ազնիվ եւ արդար են անցել»։ Հայաստանի իշխանությունները Ուկրաինայի նախագահի ընտրություններից ոչ մի դաս էլ չեն քաղի՝ եզրակացնում է գրող հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը. «Որ կողմից քամին ավելի ուժեղ փչի, էն կողմ էլ կգնան։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո քամին ավելի ուժեղ փչելու է Եվրոպայի կողմից»։