«Դեմ եմ»-ը դեմ է նաեւ Սերժ Սարգսյանի վավերացրած փոփոխություններին (տեսանյութ)
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը սկզբունքային անհամաձայնություններ ունի Սերժ Սարգսյանի`այսօր վավերացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների հետ: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում նշեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Արսեն Մանուկյանը: Ըստ նրա` օրենքի «կիսատություններից» մեկը ՊԵԿ-ի ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակն է, որտեղ դեռ մնում է գումարները պարտադիր փոխանցելու կետը: «Մինդեռ Բաղրամյան 26-ում մեր ակցիայի մեր ակցիայի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ «պտիչկա»-ն խնդիր չէ, սակայն մինչ օրս այն չի հանվել»,- նկատեց Արսեն Մանուկյանը: Բացի այդ, քաղաքացին պետք է դիմում գրի, ոչ թե որ ինքը չի ցանկանում մասնակցել պարտադիր կուտակային համակարգին, այլ որ ցանկանում է մասնակցել: Արսեն Մանուկյանը չի բացառում` անգամ օրենքի ընդունումից հետո հատկապես պետական համակարգում կշարունակվեն ճնշումները աշխատողների նկատմամբ. «Կոչ եմ անում բոլորին` ձայնագրել, տեսաձայնագրել իրենց խոսակցությունները գործատուների հետ, եթե, իհարկե, կլինեն ճնշումներ: Իսկ մենք պայքարը կշարունակենք այնքան ժամանակ, մինչեւ հանրության կողմից կլինի դրական արձագանք ու օրենքն ընդունելի կլինի բոլորի համար»: Քաղաքացիական շարժման մասնակիցը նկատում է` եթե ՍԴ որոշումն ավելի հստակ լիներ, բազմիցս չէր շահարկվի պաշտոնյաների կողմից: Ըստ նրա` ընդունված օրենքով նաեւ բաց է մնում այն քաղաքացիների հարցը, որոնց գումաները անօրինական ձեւով արդեն փոխանցվել են ֆոնդեր: Ինչ վերաբերում է ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ համագործակցությանը, ապա Արսեն Մանուկյանը վստահեցրեց` համագործակցությունը շարունակվելու է, ու քաղաքական ուժերը դեռ անելիքեր ունեն: