«Հանրապետականի մենիշխանությունը խեղել է Սահմանադրությունը». Ա. Մինասյան (տեսանյութ)
Հայաստանում հանրապետականն ու պետությունը նույնացված են՝ համոզված է դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Բայց քառյակը, նաեւ Դաշնակցությունն իր առջեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հասնելու խնդիր չեն դրել։ Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «Էդ խնդիրը դնելով չի, հիմա դու պիտի անես էն, ինչ հնարավոր է անել»: «Բարգավաճ Հայաստանը» համաձայն է` քաղաքական մենաշնորհ կա, բայց ամեն գնով հանրապետականին տապալելու եւ իշխանության գալու չեն ձգտում։ «Եթե իշխանության ձախողում պետք է լինի ժողովրդի կործանման հաշվին, ես չեմ ուզում»,- ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդունում է` այո, մեծամասնություն են, այո, 70 հոգի են Ազգային ժողովում, ծավալվելու կարիք չունեն, բայց հետագա ծավալումն էլ իրենց խնդիրը չէ։ Ի՞նչ կարիք կա արտահերթ ընտրությունների` մենք ընդունել ենք «Բարգավաճ Հայաստանի» եւ Դաշնակցության բազմաթիվ առաջարկություններ՝ հակադարձում է հանրապետական խմբակցության ղեկավարը. «Մենք ասում ենք` եկեք համագործակցենք, որ փոխենք, իրենք չեն ցանկանում, որ փոխեն»: Պարոն Բաղդասարյանը ծանր է տարել ընդդիմության բացակայությունը կառավարության ծրագրի քվեարկությանը, եթե իշխանություն են ուզում, թող քաղաքակիրթ ճանապարհով վերցնեն. «Ոչ թե մտածելով ամենավատը անել, ամենաեսիմ մարդկանց ինչքան հնարավոր ա բոյկոտել, փչացնել իրավիճակը, խանգարել, նույն ձեւով ինձ թվում ա պետք է վարվել իրանց հետ»: Ի դեպ, շաբաթ օրը ՀՀԿ համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը նկատել է, որ դեռ երկար է հանրապետականը եղանակ ստեղծելու Հայաստանում, նույնիսկ Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը սողանքից տուժած իր բնակարանի հարցը լուծելու համար այս ու այնկողմ չպետք է նայի, «այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին` վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող եւ իրականացվող քաղաքականության օրակարգ»: «Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան իրենք` հանրապետականները»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի համար պարզապես ընդունելի եւ ընկալելի չէ այն պնդումը, թե Հանրապետականը ամենալավն է էսօր եւ միայն ինքն է կարողանում իրականացնել, իրենցից լավը չկա: Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Հանրապետականի մենիշխանությունը խեղել է Սահմանադրությունը, ամեն ինչ որոշվում է Մելիք-Ադամյանում: Հանրապետականն, ըստ նրա, մարտահրավեր է մյուս քաղաքական ուժերին, ժամանակն է ցույց տալ, որ նրանցից լավն էլ կա: