Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծրուն Հովսեփյանը չի հավատում հանրապետականին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed4

Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը տեղյակ է, որ շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարում Սերժ Սարգսյանը խոսել է հենց իր մասին: Ինքը Սերժ Սարգսյանին վաղուց գիտի. «Մի 4-5 անգամ հանդիպել ենք, խմել ենք իրա հետ էլ, վարչապետի հետ էլ, իմ քաշած օդին է եղել, լավ էլ խմել ենք»: Պարոն Հովսեփյանը Ա1+-ի հետ զրույցում հաստատեց, որ իսկապես ունեցել է բնակարանի խնդիր: Նրա բնակարանը բնակության համար անպիտան է դարձել սողանքի պատճառով: Հենց այս մասին էր խոսել Սերժ Սարգսյանը շաբաթ օրվա ՀՀԿ համագումարում եւ Արծրուն Հովսեփյանին խորհուրդ տվել դիմել իր տարածքի հանրապետականին: «Ես ոչ մի կուսակցություն չեմ ընդունում, առավելեւս հանրապետականին»,-Ա1+-ին ասաց Արծրուն Հովսեփյանը: Նա երկու տարի առաջ դիմել է Սերժ Սարգսյանին նոր բնակարան ստանալու խնդրով, անցյալ տարվա դեկտեմբերին «կիսատ պռատ լուծել են, տանիքը կաթում է»: Գոշեցի, 62ամյա Արծրուն Հովսեփյանը չի պատրաստվում իր խնդիրների համար դիմել հանրապետականին, ինչպես նրան խորհուրդ էր տվել Սերժ Սարգսյանը: Ինքը հանրապետականին չի հավատում եւ վերջ: Իսկ ինչպե՞ս է խմել նրա հետ, եթե չի հավատում: «Ես էն ժամանակ թանգարան-արգելոցի տնօրեն էի,-հիշում է ՀՀԿ համագումարի «թիրախը»,-տարեկան 600 հազար մարդ էր գալիս, խաբեցին ձեռքիցս վերցրին, ասին ձեր համար նորը կսարքենք»: Խաբեբայի անունն էլ է տալիս` մշակույթի նախարարությունը` թանգարանի վեշերը տարել են Դիլիջանի մի պահեստի մեջ վեր ածել, աշխատողներին կրճատել: Այսօր արդեն Արծրուն Հովսեփյանը հեղինակություն է, «պրեզիդենտը խոսեց եկան կողքիս կանգնեցին մարզպետարանից, պրեզիդենտի ապարատից»: Գյուղացի Հովսեփյանը զգուշացնում է` հանրապետականները հանկարծ իրեն չանհանգստացնեն, ինքը հայրենիքի զինվոր է: Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀԿ համագումարի իր ելույթի սկզբում Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանին խորհուրդ էր տվել սողանքից տուժած իր բնակարանի հարցը լուծելու համար այս ու այնկողմ չնայել: «Այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին` վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող եւ իրականացվող քաղաքականության օրակարգ»,-ասել էր Սերժ Սարգսյանը: