Շոկոլադի արքան հաղթում է Ուկրաինայի ընտրություններում
Գործարար Պյոտր Պորոշենկոն շարունակում է Ուկրաինայի ամենահավանական նախագահի թեկնածուն մնալ։ Էկզիթ-Փոլի տվյալներով՝ Ուկրաինայում երեկ կայացած նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում նրա օգտին քվեարկել է ընտրողների մոտ 56 տոկոսը։ ԿԸՀ-ն գրանցել է 60,041 տոկոս մասնակցություն։ Իսկ մյուս թեկնածուն՝ Պորոշենկոյի հակառակորդ Յուլյա Տիմոշենկոն, հավաքել է միայն 12 տոկոս՝ ըստ Էկզիթ-Փոլի։ Եթե այս տվյալները հաստատվեն պաշտոնապես, ապա ընտրությունների երկրորդ փուլ այլեւս չի լինի՝ հայտնում է BBC-ն։ Ուկրաինացի միլիարդատեր, «Շոկոլադի արքա» Պորոշենկոն խոստացել է իշխանության գալով՝ սերտացնել կապերը Եվրամիության հետ ու խաղաղություն հաստատել երկրի արեւելյան շրջաններում, ուր ակտիվորեն գործում են ռուսական անջատողականները։ Իսկ առաջին գործուղումը, ինչպես հայտնել է, կատարելու է Դոնբաս։ Կիեւում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ իր առաջին քայլն է լինելու՝ վերջ տալ պատերազմական իրավիճակին ու ստեղծված քաոսին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հայտարարել է, որ Ուկրաինայում կայացած ընտրությունները կարեւոր քայլ էին երկրի միավորման համար։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էլ Էկզիթ-Փոլի տվյալներից հետո հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել նոր իշխանությունների հետ։ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին հեռախոսով արդեն իսկ շնորհավորել է Պորոշենկոյին՝ հաղթանակի առթիվ եւ հրավիրել Լեհաստան հունիսի 3-4-ին։