Գուցե մինչև տարեվերջ կուսակցություն հիմնելու նախաձեռնության մասին հայտարարություն անեմ․ Ա․Բաբաջանյան (video)
Support A1+!«Չեմ բացառել, որ կա նման ցանկություն, աջակիցներ են պետք, և քննարկումներ են ընթանում։ Չեմ խորշի հայտնել, որ առաջիկայում հանդես կգամ նման նախաձեռնության մասին հայտարարությամբ։ Գուցե՝ մինչև տարեվերջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Վերջինս հնարավոր համարեց, որ այդ կուսակցությունը կմասնակցի հաջորդ համապետական ընտրություններին։ Հավանաբար նաև այդ նպատակով պատգամավորը որոշել է գրասենյակներ ստեղծել հատկապես մարզերում՝ առայժմ Տավուշում և Վայոց ձորում։
Ա․Բաբաջանյանը նշում է, որ մարզերում գրասենյակներ բացելը նախ ունի քաղաքականությունը ապակենտրոնացնելու՝ Երևանից մարզեր տանելու նպատակ, որպեսզի մեր քաղաքական գործիչները միայն ընտրություններից ընտրություն չգնան գյուղեր և զրուցեն տեղի բնակիչների հետ։ Իսկ մարզերի բնակիչներն էլ այդպիսով կարողանան ձևակերպել իրենց քաղաքական պահանջները։
«Մեզ պետք է, որ մեր բնակիչներն այդ տարածքներում քաղաքական ձևակերպում տան իրենց պահանջներին, մասնակից լինեն քաղաքական գործընթացներին»,- ասում է նա։
Պատգամավորը նաև առաջարկում է Երևանից հանել Սահմանադրական դատարանը, ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն ու տեղակայել Չարենցավանում, Վանաձորում և Մեղրիում։ Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն «իր գլխի տերը չէ», որ ինքնուրույն որոշումներ չի կայացնում, որ նրա «գլխի տերը Սերժ Սարգսյանն» է։
Իսկ ՍԴ ճգնաժամը լուծելու տարբերակներից մեկը համարում է Սահմանադրության 213-րդ հոդվածը համազգային հանրաքվեի դնելու ուղին։
«Եթե «Իմ քայլը» չի ուզում պատասխանատվություն կրել, իսկ ես տեսնում եմ, որ այդպիսի նշաններ կան, և զարմացած եմ այդպիսի վարքի վրա, ապա ժողովուրդը կարող է կարծիք հայտնել և լուծում տալ հարցին։ Կարող ենք հարցը լուծել նոր դատարանակազմությամբ, չենք կարող հավերժ մնալ այդ շրջապտույտում»,- ասում է պատգամավորը։
Ա․Բաբաջանյանն անդրադարձավ նաև իրեն ուղղված՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի քննադատություններին, նրա կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի հայտարարությանը, թե որտեղից իրեն այդ «ճոխ առանձնատունն ու հարուստ լրատվամիջոցը»։
«Զգուշացնում եմ նաև, որ լրատվամիջոցներում տեղ գտած որևէ նման կարգի հրապարակում ներկայացնելու եմ դատախազությանը և պահանջելու եմ, որ դրանք ընթացք ունենան»,- շեշտեց նա։
Խոսելով արտախորհրդարանական ուժերի ու հատկապես ՀՀԿ-ի մասին Ա․Բաբաջանյանը հավելեց, թե այդ կուսակցությունը հանցագործների բանդա է։
«Ամեն օր ի հայտ եկող տեղեկությունները, թե ինչպես են հետևողականորեն կեղեքել ու հարստահարել մեր ժողովրդին և մեր բնակչության մի ուժին արտագաղթի մղել, այդպիսի ուժին քաղաքական միավոր պետք չէ դիտարկել»,- եզրափակեց պատգամավորը։