Open news feed Close news feed
A A
Video Interview

Արմեն Սարգսյանը կկարողանա՞ այնքան ֆինանսական միջոցներ գտնել, որ STARMUS-ը Երևանում անցկացվի (video)

«Իմ գործընկերները ԱՄՆ-ում շատ են դժգոհում Թրամփի վարչախմբից, նա գիտությունից հեռու մարդ է և գիտնականների հետ մշտական պայքարի մեջ է։ Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ում ազգային գիտական ֆոնդը միանգամից զրոյի է հավասարվել։ Ոչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը։

Աստղաֆիզիկոսը նաև չի ուզում, որ իր հիմնադրած՝ համաշխարհային հռչակ վայելող STARMUS փառատոնին մասնակցեն համաշխարհային քաղաքական հսկաները, լինի դա ԱՄՆ նախագահը կամ մեկ ուրիշը։

«Ես չեմ ուզում, որ մեր փառատոնին Սթիվեն Հոքինգից և Նիլ Ամստրոնգից հետո քաղաքական դեմքեր հայտնվեն, նրանք իրավունք չունեն մեր հարթակը զբաղեցնելու, մենք դա շատ բարձր ենք պահում»,- ասում է պրոֆեսորը։

Գ․Իսրայելյանը STARMUS փառատոնը հիմնադրել է 2011թ․ և այդ տարի այն տեղի է ունեցել Կանարյան կղզիներում՝ Տեներիֆեում։ STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը։

Հինգերորդ փառատոնը տեղի է ունեցել այս տարի՝ հունիս ամսին, Շվեյցարիայում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Եվ նա այնքան է ոգևորվել, որ Գ․Իսրայելյանին հրավիրել է հաջորդը կազմակերպել Հայաստանում՝ 2020թ․-ին։ Ընդամենը երկու օր առաջ Գ․Իսրայելյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին «Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին»,- նշված էր նախագահականի հաղորդագրության մեջ:

Մինչդեռ գիտնականը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական պարզ չէ, փառատոնը Հայաստանում տեղի կունենա՞, թե ոչ, քանի որ դեռ ֆինանսավորման հարցերը չեն լուծվել, և պայմանագիրը չի կնքվել։ Դա պարզ կդառնա մեկ ամսից։

Նշենք, որ STARMUS-ը նվիրված է եղել մարդկության կողմից տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակին։ Փառատոնին մասնակցել են տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովը, Վալենտինա Տերեշկովան, Նիլ Արմսթրոնգը, Բազզ Օլդրինը և այլ հայտնի մարդիկ։ Յուրաքանչյուր փառատոնին մասնակցել են նաև 10-15 նոբելյան դափնեկիրներ։

Իսկ Գ․Իսրայելյանը մասնակցելու է հոկտեմբերի 6-9-ը Երևանում տեղի ունենալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին։ Նա մասնակցելու է որպես «ականավոր խոսնակ» և բացման օրը ելույթ է ունենալու։