Ավտովթարից զոհերի թիվը Երեւանում նվազել է (տեսանյութ)
Երեւանցիները դժգոհ են երթեւեկության որակից։ Նրանց կարծիքով՝ մեքենաները շատ են, կայանատեղիները`քիչ, երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքներն էլ մեծ են, ու դրան զուգահեռ ավելանում են նաեւ ոչ պրոֆեսիոնալ վարորդները։ Արդյունքում ստացվում է այն պատկերը, ինչ այսօր կա. «Մեքենաները մարդկանցից շատ են»,- ասում են քաղաքացիները։ Նրանց խոսքով՝ վարորդ-քաղաքացի հարաբերություններում բացակայում է փոխադարձ հարգանքը: Մայրաքաղաքում իրավիճակը շտկելու համար քաղաքացիները ոստիկաններից պահանջում են ավելի խստացնել հսկողությունը օրինախախտ վարորդների նկատմամբ, իսկ քաղաքապետարանից՝ ավելացնել ավտոկայանատեղիները, ինչպես նաեւ հետիոտնի համար անցումները։ «Ա1+»-ի քննարկումն արագաչափերի ու երթեւեկության հետ կապված տարբեր խնդիրների մասին էր։ Լրագրող Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, թե արդյո՞ք 2010 թվականին զոհերի թիվը ավելի քիչ էր, քան 2012 եւ 2013 թվականին, երբ արդեն տեղադրված էին արագաչափերը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Զոհերի թվի պատճառը տրանսպորտի թվի ավելացումն է»։ Արմեն Խաչատրյանը հավելեց նաեւ, որ այս պահին Երեւանում վթարներից զոհերի թիվը նվազել է 14-ով, որը պայմանավորված է արագաչափերի կիրառմամբ։