Գորիսի քաղաքապետի թեկնածուին ստիպեցին հրաժարվել պայքարից
Գորիսի քաղաքապետի ընտրություններից առաջ քաղաքում լարված մթնոլորտ է։ Մեր հավաստի տեղեկություններով՝ երեկ գիշեր քաղաքապետի երեք թեկնածուներից՝ Տիգրան Կարապետյանին, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմնակիցները Երեւան են կանչել ու ստիպել, որ հրաժարվի պայքարից. «Ասել են՝ գիտենք, որ երիտասարդության 70 տոկոսի ձայները քոնն է՝ ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հարցումների։ Մենք Կապանը կորցրել ենք, Սիսիանը կորցրել ենք, չենք ուզում հիմա էլ Գորիսը կորցնենք։ Պետք է հրաժարվես»։ «Ա1+»-ը փորձեց անձամբ զրուցել Տիգրան Կարապետյանի հետ, սակայն նրա նախընտրական շտաբից հայտնեցին, որ նա խիստ զբաղված է եւ չի կարող պատասխանել հեռախոսազանգերին՝ չհերքելով, սակայն, որ Գորիսում լարված իրավիճակ է։ Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Դիմում այսօր ներկայացրել է նաեւԳորիսի քաղաքապետի մեկ այլ թեկնածու, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել: Արա Բուդաղյանը անցյալ տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցների հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Գորիսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի վաղը։ Քաղաքապետի պաշտոնի համար այս պահի դրությամբ կպայքարեն երկու թեկնածու` ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, անկուսակցական Հրայր Յոլյանը: Ինչպես ավելի վաղ «Ա1+»-ին հայտնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀԿ մարզային կառույցը պաշտպանելու է Վաչագան Ադունցի թեկնածությունը։