Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը կարգադրել է հետ քաշել ռուսական զորքերը, բայց այդ մասին վկայություն չկա

Քաղաքականություն
putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից հետ քաշել այնտեղ զորավարժություններ անցկացվող ռազմական ստորաբաժանումները և վերադարձնել դրանք մշտական տեղակայման վայրեր: Այս մասին հայտարարությամբ Կրեմլը հանդես է եկել երկուշաբթի օրը՝ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ: ՆԱՏՕ-ն այս ընթացքում տեղեկացրել է, որ չկա որևէ վկայություն այն մասին, որ Ռուսաստանի զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի սահմաններից, և որ Ռուսատանի նախագահի կարգադրությունն իրականացվում է: Կրեմլը, բացի այդ, երկուշաբթի օրը հորդորել է Ուկրաինայի իշխանություններին անհապաղ դուրս բերեի զինված ուժերը Ուկրաինայի արևելյան շրջաններից, որտեղ այս երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը ռուսաստանամետ զինյալների դեմ ուղղված գործողություններ են իրականացնում: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ զգուշացրել է երկրի կառավարությանը, որ շարունակվող ճգնաժամի պատճառով մոտ երկու միլիոն մարդ կարող է հնարավորություն չունենալ քվեարկելու մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի համաձայն նման իրավիճակ կարող է ստեղծվել այն պատճառով, որ երկրի արևելյան շրջաններում գործող ռուսաստանամետ անջատողականների զինված ստորաբաժանումները կաշխատեն խաթարել ընտրությունների անցկացումը, կոչ է արել երկրի իշխանություններին ձեռնարկել միջոցներ՝ նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ արևելքում անվտանգությունն ապահովելու համար: Ամերիկայի ձայն