Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանով. ԵՄ-ի հետ երկխոսությունը շարունակվելու է

Պաշտոնական
unnamed1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում Եվրամիության հետ երկխոսության եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունները. ավելին՝ Հայաստանը վճռական է շարունակելու եւ զարգացնելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ: Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, եւ իրենք պատրաստ են հետայսու եւս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հիմնադրամի հետ Ազգային ժողովի համագործակցության եզրերը, խորհրդարանի կառույցներին հիմնադրամի օժանդակության ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային անվտանգության, երկրի ներքաղաքական իրավիճակի, նոր ձեւավորված կառավարության ծրագրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն ու գնահատականները: