Կիրո Մանոյանը նկատել է դեսպանի ակնարկը (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքն այսօր հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: «Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»,-հայտարարել է ամերիկացի դեսպանը: Քարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ դեսպանը նշել է նաեւ, որ պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Դեսպանը հույս է հայտնել, որ Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ա1+»-ին ասաց, որ առայժմ չի կարող մեկնաբանել զեկույցը, քանի որ ուսումնասիրում են այն: Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ դեսպանը ոչ մի նոր բան չի ասել, միակ նորությունն, ըստ պարոն Մանոյանի, այն է, որ դեսպանը շեշտել է, թե հնարավոր չէ խուսափել կարգավիճակի հարցից: Դաշնակցության համար անընդունելի են դեսպանի առաջարկները «Եթե 88-ին առաջարկված լիներ, կարծում եմ հայկական կողմը կընդուներ, բայց երբ որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, դրանից հետո տանուլ է տվել այդ պատերազմը, նման մոտեցումը կարծեք Ադրբեջանի սանձազերծած եւ տանուլ տված պատերազմի համար հատուցում ենք»,- ասաց նա: Կիրո Մանոյանը նկատում է, որ դեսպանի թվարկած 6 կետերը 2009-ից համանախագահողների կողմից շրջանառության մեջ դրված կարգավորման դրույթներն են, բայց առաջին անգամ համանախագահը խոսում է կարգավիճակից, ինչից խուսափում էր Ադրբեջանը: Պարոն Մանոյանը դեսպանի տեքստում լուրջ բացթողում է համարում կարգավորման հարցում Ղարաբաղի դերի բացակայությունը: Դաշնակցական գործչի տպավորությամբ այս տեքստով դեսպանը ակնարկում է նաեւ, որ եղած կետերի շուրջ համաձայնությունը բավարար է Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար: