«ՀՀԿ-ն իշխանության մեջ մնալու է հավերժ». Վ. Բադալյան (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունում կողմնորոշվել են, թե ինչքան են պատրաստվում մնալ իշխանության մեջ։ Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանի՝ «հավերժ»: «Բարգավաճ Հայաստանը» պետք է սպասի իշխանության գալու համար, երիտասարդ եւ անփորձ կուսակցություն է, թող ձեւավորվի՝ ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը. «Բավական աշխատանք ունի կատարելու, կայացման փուլն ամբողջությամբ անցնելու եւ այնուհետեւ կարող է մտածել իշխանության գալու մասին»: «Նախագահի ու վարչապետի հավակնողների ուղին անցնում է Մելիք Ադամյանով» արտահայտության հեղինակ Էդուարդ Շարմազանովը պնդում է` իր ասածն ուժի մեջ է: Բայց մյուս քաղաքական ուժերը նրա հետ համաձայն չեն։ Իսկ Շարմազանովի համար հոգ չէ. «Դե մյուս քաղաքական ուժերի արձագանքների էդքան էլ լուրջ չեմ վերաբերվում»: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն այն հանրապետականներից է, որը Մելիք-Ադամյան մտավ այլ կուսակցությունից` ՀԺԱՄ-ից. «ՀԺԱՄ-ը որոշում էր կայացրել ինտեգրվելու հանրապետական կուսակցության հետ»: Մինչ ամբողջ կուսակցության ինտեգրման գործընթացը շարունակվում է, պարոն Մկրտչյանն այսօր արդեն հանրապետական պատգամավոր է եւ լսել է Էդուարդ Շարմազանովի հռչակավոր միտքը իշխանության գալու ձեւերի մասին. «Հումորով մոտեցեք դրան»: Գալուստ Սահակյանի իրավահաջորդը խմբակցության ղեկավարի պաշտոնում մտադիր էլ չէ հումորով վերաբերվել Էդուարդ Շարմազանովի ասածին, բայց թող մյուսները փորձեն իշխանության գալ. «Եթե փորձ կատարեն, կարող է նաեւ գան, ի՞նչ է պատահել»: «Չենք նստի եւ սպասի, թե երբ ենք գալու իշխանության»,-հակադարձում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը. «Այն քաղաքական ուժը, որը նստում եւ սպասում է իշխանության գալուն, այդ քաղաքական ուժը դատապարտված է ձախողման»: Տիկին Զոհրաբյանը չի կասկածում` հաջորդ համապետական ընտրություններում Մելիք-Ադամյանում նստողները տապալված են: Իսկ միգուցե հանրապետականները կեղծեն ընտրությունները եւ վերարտադրվեն բռնությամբ: Այդ դեպքում, ըստ տիկին Զոհրաբյանի, կաշխատի Նյուտոնի երրորդ օրենքը. «Յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը, F-ը հավասար է –F»: