«Ավելի լավ ինֆորմացիա ունենայիք, ավելի վատ բաներ կգրեիք» (տեսանյութ)
Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողներին խորհուրդ է տալիս մի քիչ համբերել ու տեսնել` արդյոք հանրությունը շահե՞ց, թե ոչ, երբ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը միավորվեցին: Արդյոք երկու մարմնի միավորումը կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն չի՞ տա. «Հիմա տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները տարբեր տեսակի հոդվածներ են հրապարակում: Գործերով, բարեփոխումներով, ծրագրերով դուք ամեն ինչ կտեսնեք: Ավելին, նախարարը խորհուրդ տվեց 10 աշխատանքային օր անցկացնել հարկային, մաքսային մարմիններում, Ֆինանսների նախարարությունում եւ սեփական աչքերով տեսնել։ Լրագրողներից մեկի այն հարցին, որ այսպիսով Գագիկ Խաչատրյանն, այսպես կոչված, սուպեր նախարար է դառնում ու նրա բիզնեսմեն բարեկամներն են նաեւ դրանից օգտվելու, նախարարը պատասխանեց այս կերպ. «Դուք պատասխանեք` «Մոցարտ»-ի սեփականատերն ով է, ես ձեր հարցին կպատասխանեմ»: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների` «Մոցարտ»-ի սեփականատերը հենց Գագիկ Խաչատրյանն է, գոնե՝ համասեփականատերը։ Պարոն Խաչատրյանը նաեւ հորինվածք համարեց իր` սուպեր նախարար լինելու հանգամանքը. «ՀՀ-ում պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բիզնեսի հետաքրքրությունը լինի ոչ թե անձը, այլ նրա վարքագիծը: ՀՀ-ն փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, հարազատներ, բարեկամներ ունեն, ինչ պետք է անեն` կամ պետք է բիզնեսով զբաղվեն, կամ պետական սեկտորում աշխատեն, կամ ինչ անեն` թողնեն գնա՞ն երկրից»: Որն է պատճառը, որ նրա հարազատներին պատկանող մի շարք ընկերությունները սկսվում են «Մեգա» բառով` լրագրողներից մեկի հարցին ի պատասխան էլ նա ասաց. «Խորհուրդ եմ տալիս իմ բարեկամների հետ մոտիկից ծանոթանալ: Դուք որ ավելի լավ ինֆորմացիա ունենայիք, ավելի վատ բաներ կգրեիք, ես ուրախ եմ, որ միայն դա եք գրում»: Արդյոք երկու գերատեսչությունների միավորումը պայմանավորված չէ՞ նրա` Գագիկ Խաչատրյան անձի հետ. «Ոչ, այդ դեպքում աշխարհի 35 երկրում անձերի հետ է դա կապված. մի կապեք անձերի հետ ու պատահականություններ էլ չեն լինում»: