Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանցիները մնացել են մենակ իրենց խնդիրների հետ». բանավեճ (տեսանյութ)

Հասարակություն
yerevan

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Որքանո՞վ է Երևանի ավագանին իրականացնում նախընտրական ծրագրերը. ավագանու ընտրություններից մեկ տարի անց» թեմայով: Անդրադառնալով ավագանու որոշմանը՝ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու մասին՝ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Միկոյանի ժառանգները ստվերային կերպով ազդել են արձանի տեղադրման վերաբերյալ ավագանու որոշման վրա»։ Նա հավելում է՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը անցնում է բարոյականության բոլոր սահմանները։ «Ես պատմաբան չեմ և գնահատում եմ Անաստաս Միկոյանի ջանքերը Հայաստանի տնտեսական զարգացման համար և դրա համար կողմ եմ Միկոյանի արձանի տեղադրմանը», հակադարձեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը։ «Նժդեհի արձան Երևանում չկա, իսկ իրեն նրա գաղափարախոսության կրողը համարող Հանրապետական կուսակցությունը որոշում է ընդունում բազմաթիվ հայերի ոչնչացրած Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել»՝ սա էլ ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանի կարծիքն է։ Պրն Եսայանն անդրադառնում է նաեւ Փակ շուկային. «Ուշագրավն այն է, որ բոլոր պետական մարմինները ընդունում են, որ Փակ շուկայի հարցում կատարվել է ապօրինություն, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում և այն շահագործվում է որպես «Երևան Սիթի»։ «Առ այսօր լուծում չի տրվել Ծածկած շուկայի, Կոմիտաս 5-ի և այլ կարևորագույն խնդիրների, երևանցիները մնացել են մենակ իրենց խնդիրների հետ, իսկ կառուցապատումները շարունակվում են»,- հավելում է «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը: «Մեկ տարվա ընթացքում մենք կատարել ենք երեք տարվան համարժեք աշխատանք»,- պնդում է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը։ Բանավեճի տեսանյութը՝ քիչ ուշ