Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է». Բոստանջյանը խուսափեց պատասխանից (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan

ԲՀԿ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 2012 թ.-ից հետո «համամասնական ցուցակում չի հանգրվանել»՝ պայմանավորված իր գիտական և դասախոսական «գործերով»։ ԲՀԿ-ին հպանցիկ է առնչվել, ուստի չի կարող պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու ԱԺ նախագահի ընտրության ժամանակ ԲՀԿ-ն քվեարկեց Գալուստ Սահակյանի օգտին, և որ առհասարակ ԲՀԿ-ն մեկ իշխանություն է, մեկ ընդդիմություն: Այնուհետև Բոստանջյանն ասաց, որ չի ուզում այդ հարցերին պատասխանել և չի պատասխանում: Անդրադառնալով նոր կառավարությանը՝ Վարդան Բոստանջյանը նշեց, որ կառավարման բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից՝ գագաթից, որտեղից և կառավարվում է ողջ համակարգը: Այդ պարագայում հնարավորություններ ընձեռված չեն այլ որոշումներ կայացնողներին: Ուստի, Բոստանջյանն այժմ չի կարող ասել՝ կառավարության նոր անդամների գործունեության արդյունքում կլինե՞ն նվաճումներ, թե՞ ոչ: Բոստանջյանը դրական խոսեց նորանշանակ վարչապետի մասին՝ որպես մարդու տեսակի: «Իսկապես ինքը մտածող, անընդհատ ինչ-որ մի բան փնտրող և այդ լավին հասնելու ձգտում ունեցող անձնավորություն է»,- ասաց Բոստանջյանը՝ ենթադրելով, որ եթե նոր վարչապետին թույլատրվի, նա բավականին լավ բաներ կանի, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսը խթանող: Անդրադառնալով նրան, որ երկու հակադիր գործառույթներ ունեցող մարմիններ՝ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, միացվեցին և դրվեցին Գագիկ Խաչատրյանի վերահսկողության տակ՝ Բոստանջյանն ասաց, որ Խաչատրյանը «և ուժեղ է, և խելքով է»: «Համաձա՞յն եք, որ սա օլիգարխիայի կառավարություն է»,- լրագրողի հարցին Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ եթե երկրում օլիգարխներ կան, ապա երբևիցե չի կարելի բոլոր բացասական երևույթները պայմանավորել նրանցով և «նետել օլիգարխիայի վրա»: «Օլիգարխները ոչ այլ ոք են, քան միջոցներ ունեցող սուբյեկտներ»,- ասաց Բոստանջյանը: «Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է»,- հարցին նա հստակ պատասխան չտվեց: «Դուք իրենից հարցրեք: Ես չեմ հասկանում՝ օլիգարխը ինչ է»,- ասաց Բոստանջյանը: Նա վերջերս կայքերից մեկում կարդացել է, որ ինքն էլ է օլիգարխ։ «Ես հաճելիորեն ուրախացել էի»,- ասաց Վարդան Բոստանջյանը: