Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պայծառ ապագան սոցիալիզմի մեջ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
4daa67b9b0c935bacba983cedcec9c60

ՀՀ իշխանությունները դուրս չեն գալիս մայիսմեկյան շքերթի, քանի որ այս տոնը չեն ընդունում` այն համարելով նախկին կոմունիստական, մինչդեռ այն միջազգային տոն է: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական ուղիղ եթերում ասաց ՀԿԿ Կենտրոնի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Նալբանդյանը: Ըստ նրա` դա գալիս է նրանից, որ հիմա չկա աշխատանք, չկա բանվոր դասակարգ. «Ամբողջ իշխանությունը գտնվում է մի խումբ օլիգարխների ձեռքում, եւ սովորական աշխատողները, որքան էլ որ ցանկանային, չէին կարող իրենց ղեկավարների գլխի վրայով թռչեին ու գային մեր շքերթին մասնակցեին»: Տիկին Դոնարան չի ժխտում` իրենց շարքերը տարեց տարի նվազում են, քանի որ հիմնականում համալրված են տարեց անդամներով. «Պետք է ասեմ, որ վերջին տարիներին ես անձամբ 2 կումունիստ եմ ընդունել մեր շարքերը: Մեզ մոտ գալիս են, քանի որ շփվելով տարբեր կուսակցությունների հետ` հասկանում են, որ միայն ՀԿԿ-ն է մտածում ժողովրդի մասին»: Դոնարա Նալբանդյանը եւս մեկ անգամ վերահաստատեց իրենց շքերթին այսօր հնչած այն կարգախոսը, որ իրենք սատարում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը. «Մենք համամիտ ենք Պուտինի բոլոր քայլերի հետ, քանի որ նա լավ քայլեր է անում իր, ինչպես նաեւ` մեր ժողովրդի համար: Չպետք է մոռանալ, որ մեր արտագաղթած երիտասարդներն ավելի շատ ՌԴ-ում են: Իհարկե, մենք պահանջում ենք իշխանություններից աշխատատեղեր բացել, սակայն մեր այդ պահանջին ուշադրություն չեն դարձնում. երեւի իրենց ձեռնտու է, որ քիչ մարդ մնա երկրում, որ հեշտ կառավարեն»: Իսկ վերջում նա ավելացրեց. «Մենք հավատում ենք, որ մեր պայծառ ապագան սոցիալիզմի մեջ է, եթե անգամ կոմունիզը հետ չգա»: