Թուրքիան միայն մեկ դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարության բովանդակությունը որեւէ նոր բան չէր պարունակում։ Կարծում է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը։ «Նրանք մշտապես Հայոց ցեղասպանությունը ժխտել են, մշտապես ուրացել են եւ միշտ էլ նույն պատճառաբանությամբ, թե դրանք տեղի են ունեցել առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմում, եւ այդ իրադարձություններում տուժել են նաեւ Օսմանյան կայսրության մյուս ազգերը։ Ավելին` նրանք ունեն հատուկ ծրագիր, որ փայլուն կերպով իրենց հասարակության մեջ տարածում են մանկապարտեզներից, դպրոցներից սկսված, մամուլի միջոցով, հասարակական-քաղաքական կազմակերպությունների միջոցներով. դա այն է, որ հայերն են իրականացրել թուրքերի դեմ ցեղասպանություն»,-ասաց պարոն Ալվրցյանը՝ հավելելով, որ նորությունն այն էր, որ հայտարարությունն արվեց ապրիլի 24-ի նախօրյակին։ Ըստ պարոն Ալվրցյանի՝ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն մեկ դեպքում։ «Երբ առաջանա Թուրքիայի պետականության կործանման վտանգը, այն ժամանակ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Անշուշտ, եւ քաղաքական եւ դիվանագիտական մեծ փորձ ունեցող պետություն անպայմանորեն կհամարձակվի մասը զիջել՝ ամբողջը պահելու համար»,-պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասաց քաղաքագետը։