Քաղաքագետի կարծիքով՝ հնարավոր է ավելի վատ լինի (տեսանյութ)
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց այդ պաշտոնում իր կազմակերպչական ունակությունների համար՝ համոզված է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Վերջինիս խոսքով` թեեւ քաղաքական դաշտում ծանր իրավիճակ չունենք, սակայն խնդիրները տնտեսական ոլորտում են։ «Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը լուծելու ներդրումների հարցը։ Հայաստանի ուղղվածությունը դեպի Ռուսաստանի կողմը խնդիրներ կստեղծի արեւմտյան ներդրումների առումով»,- համոզված է քաղաքագետը։ Անդրադառնալով բոլորին հուզող երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ քաղաքագետը նշեց. «Համոզված չեմ, որ մենք կունենանք արագ եւ դրական զարգացումներ, միգուցե եւ՝ հակառակը»։ Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիական ակտիվիստները բոլոր բարեփոխումներին արձագանքեցին, հենց դրա հետեւանքով էլ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, այլ պատճառ չկար: Սերգեյ Մինասյանի խոսքերով` Սերժ Սարգսյանը, որպես վարչապետ ցանկանում էր նշանակել մի մարդու, ով ունի դրական իմիջ հասարակության մեջ։ «Հովիկ Աբրահամյանը չի ունենա իմիջի խնդիր, քանի որ իշխանության խնդիրը Սերժ Սարգսյանի եւ իշխող վարչակարգի քաղաքական դիրքերը ընդլայնելն է»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը։