«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար նախընտրելի ֆիգուր է» (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար անակնկալ չէր Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու լուրը, քանի որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հենց առաջին օրվանից ԱԺ նախագահի անունը շրջանառվել է որպես հավանական թեկնածու։ Պատգամավորը վստահեցնում է նաեւ, որ վերջին տարիներին այդ թեման հաճախ է շոշափվել. « Կոնկրետ անձի ընտրության հետ խնդիր չկա, պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ կանի նոր կառավարությունը։ Տեսնենք, թե ինչ ծրագիր կներկայացնի, ինչպիսի կազմ կունենա, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ»: Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը Ալեքսանդր Արզումանյանը չի կապում ոչ իշխանական քառյակի գործողությունների հետ: Պատգամավորի համար ակնհայտ էր, որ վարչապետը ինչ-որ պահի պետք է զոհաբերվի, քանի որ վերջին տարիներին կառավարությունը շատ անգամ է տապալվել,բացի այդ որեւէ առաջընթաց չէր գրանցել։ Ալեքսանդր Արզումանյանը հիշեց նաեւ երեկ Սերժ Սարգսյանի կոչը նոր կառավարությանը, որում նա նշում էր, թե կաշառքը արգելվում է. «Այսինքն, փաստացի, մինչեւ վերջերս որեւէ մեկը չէր արգելել, եւ որեւէ վարչապետ կամ նախարար որեւէ սխալ բան չի արել, քանի որ արգելված չի եղել կաշառքը: Այլեւս ոնց որ մտնում ենք նոր փուլ, երբ արգելված է կաշառակերությունը, կոռուպցիան, արգելված են մենաշնորհները: Տեսնենք`այս արգելանքի պարագայում ինչպես կգործեն կառավարության անդամները»: «Իրեն այլընտրանք հռչակելու առաջին իսկ օրվանից ԲՀԿ-ն կոնկրետ թիրախ է ունեցել՝ կառավարությունը եւ վարչապետը»,- հիշեցրեց պատգամավորը եւ հավելեց, որ ակնհայտ է՝ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել, ԲՀԿ-ի համար ընդունելի ֆիգուր է նոր վարչապետը ու այդ առումով, կողմերի համար կոմպրոմիսային տարբերակ է ընտրվել: Իսկ կմտնի՞ արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա,Ալեքսանդր Արզումանյանը վստահ է՝ մտնի-չմտնի, ցույց կտա կուսակցության փչանալու աստիճանը. «Կմտնի`արագ կվարկաբեկվի, կշարունակի համագործակցելով իշխանական ուժի հետ`ավելի դանդաղ: Բայց որ հիմա, կախված այս կամ այն քաղաքական ուժի ճաշակի հետ, տերմինների մեծ բազմազանություն կունենանք` կասկած չկա»: